General information
ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) համահամալսարանական կամ կառուցվածքային ստորաբաժանման (ինստիտուտ, ֆակուլտետ, այլ ստորաբաժանում) կազմում գործող ամբիոնի վարիչի (այսուհետ՝ ամբիոնի վարիչ) թափուր պաշտոնի համալրման կարգն ու պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները:
(1-ին կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
2. Ամբիոնի վարիչ կարող է ընտրվել այն անձը, որն ունի.
1) ամբիոնի ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան,
2) առնվազն երեք տարվա ակադեմիական աշխատանքի ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գիտական աշխատանք (հոդված) և բացի դրանից՝ ունի նաև սույն ենթակետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր.
Գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների տեսակներն ու պայմանները | Միավորը՝ յուրաքանչյուրի հաշվարկով |
Դասագիրք Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Մենագրություն Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Ուսումնական ձեռնարկ Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 5.5 տպագրական մամուլ: | 3 |
Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված աշխատանք (հոդված): | 2 |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված գիտական աշխատանք (հոդված): | 1 |
(2-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
3. Ամբիոնի վարիչն ընտրվում է սույն ընթացակարգով սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ու հինգ տարի ժամկետով:
Նույն անձն իրավունք ունի ամբիոնի վարիչի պաշտոնն զբաղեցնելու ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում։
Ամբիոնի վարիչ չի կարող ընտրվել կամ սույն ընթացակարգի 32-րդ կետով սահմանված կարգով ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող նշանակվել այն անձը, որի 65 տարին լրացել է:
Ընտրված ամբիոնի վարիչի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին։
Ամբիոնի վարիչի աշխատանք ակադեմիական աշխատանք է:
(3-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
4. Կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ամբիոնի վարիչն ընտրվում է կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդում: Գիտական խորհրդի ընդունած որոշումը (մրցութային ընտրության արդյունքները) հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում՝ բաց քվեարկությամբ:
5. Համահամալսարանական ամբիոնի վարիչն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում:
2. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Ամբիոնի վարիչի մրցութային ընտրությունը նշանակվում է ռեկտորի հրամանով, և այդմասին հայտարարությունը հրապարակվումէ ԵՊՀ կայքէջում:
Ամբիոնի վարիչի աշխատանքային գործունեության ժամկետի ավարտից առնվազն 40 օր առաջ ռեկտորի հրամանով նշանակվում է նոր ընտրություն:
7. Ընտրությանը մասնակցելու փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ անձնակազմի կառավարման ստորաբաժանմանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, պատճենները,
4) վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների ցանկը:
5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
(7-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
8. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից անմիջապես հետո հավակնորդների դիմումները կից փաստաթղթերով ուղարկում է ԵՊՀ գիտական քարտուղարին, որը եռօրյա ժամկետում դրանք ուղարկում է ԵՊՀ-ում գործող որակավորման մանդատային հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով):
Հանձնաժողովի անվանական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով:
(8-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
9. Հավակնորդի փաստաթղթերը հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում ուսումնասիրվում են և համապատասխան եզրակացությամբ ներկայացվում են ռեկտորին:
Հավակնորդի դիմումը հանձնաժողովի կողմից ենթակա է մերժման, եթե նրա տվյալները չեն բավարարում մրցույթի պայմաններին, կամ չի պահպանվել դիմումի ներկայացման ժամկետը:
10. Ռեկտորը մրցույթի պայմաններին բավարարող հավակնորդի դիմումն ուղարկում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին (համահամալսարանական ամբիոնի դեպքում՝պրոռեկտորին), որը եռօրյա ժամկետում կազմակերպում է համապատասխան ամբիոնում հավակնորդի թեկնածությունը քննարկելու և ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովին մասնագիտական կարծիք ներկայացնելու գործընթացը:
Ամբիոնի մասնագիտական կարծիքում նշվում են հավակնորդի մասնագիտական որակների ու գիտամանկավարժական գործունեության բնութագիրը, ամբիոնի նիստի բաց քվեարկության արդյունքները:
3. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Կառուցվածքային ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է հավակնորդի փաստաթղթերի փաթեթը և եզրակացություն է ներկայացնում ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի նախագահին:
Գիտական խորհրդի նախագահը հնգօրյա ժամկետում ամբիոնի վարիչի ընտրության օրակարգով հրավիրում է գիտական խորհրդի նիստ: Նույն նիստում կարող է անցկացվել մի քանի ընտրություն:
12. Գիտական խորհրդի նախագահողը, բացելով նիստը, հրապարակում է ընտրությամբ համալրվող պաշտոնների ցանկը, պաշտոնի հավակնորդների տվյալները:
13. Հավակնորդի ծրագրային ելույթի, հարց ու պատասխանի, քննարկումների (ներառյալ ելույթների), հավակնորդի ամփոփիչ ելույթի տևողությունըսահմանում է գիտական խորհուրդը:
14. Գիտական խորհրդի նիստին պաշտոնի հավակնորդի ներկայությունը պարտադիր է:
Հավակնորդի բացակայության դեպքում գիտական խորհուրդը որոշում է կայացնում նրա թեկնածությունը չքննարկելու ու քվեաթերթիկում չընդգրկելու մասին:
15. Նախագահողը ծրագրային ելույթի համար, ըստ ազգանունների այբբենական հերթականության, ձայն է տալիս տվյալ պաշտոնի հավակնորդներին:
16. Յուրաքանչյուր հավակնորդի ելույթից հետո նախագահողի առաջարկությամբ գիտական խորհրդի անդամները կարող են հարցեր տալ, ելույթ ունենալ ու ծավալել քննարկում: Վերջում հավակնորդին տրվում է ամփոփիչելույթի հնարավորություն:
17. Քննարկման ավարտից հետո ինքնաբացարկ չհայտնած հավակնորդների անուններն ընդգրկվում են քվեաթերթիկում:
18. Փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու ու արդյունքներն ամփոփելու նպատակով նախագահողի առաջարկով գիտական խորհրդի անդամներից ընտրվում է 3 անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով: Հավակնորդը չի կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ: Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է ապահովել ընտրության գաղտնիությունն ու համապատասխանությունը սույն ընթացակարգի պահանջներին:
19. Մեկ հավակնորդի դեպքում քվեաթերթիկում նշվում են հավակնորդի անունը, «կողմ» ու «դեմ» բառերը (Հավելված 1):
Մեկից ավելիհավակնորդների դեպքում քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են հավակնորդներիանունները, վերջում՝ «բոլորին դեմ եմ» արտահայտությունը (Հավելված 2):
20. Գիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ ստորագրում է անվանացանկում ու ստանում է մեկքվեաթերթիկ: Փակ, գաղտնի քվեարկությունից հետո քվեարկողը այն գցում է քվեատուփի մեջ և հեռանում է ընտրության սրահից:
21. Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում՝
1) «կողմ» կամ «դեմ» բառերից որևէ մեկի դիմաց (միակ հավակնորդի քվեարկության դեպքում) կատարված է V նշումը,
2) քվեարկված է միայն մեկ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ»-ի օգտին (մեկից ավելի հավակնորդների քվեարկության դեպքում): Որևէ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ»-ի օգտին քվեարկելու համար համապատասխան տողի վանդակում կատարվում է V նշումը:
Քվեաթերթիկում այլ նշումների, ընդգծումների ու նշանների առկայության դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:
Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե քվեաթերթիկն անվավեր ճանաչելն ազդում է ընտրության արդյունքների վրա, և այդ հարցի առնչությամբ առկա է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիք, ապա այն անվավեր ճանաչելու հարցը քննարկվում է գիտական խորհրդի կողմից, և կայացվում է համապատասխան որոշում:
22. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3):
23. Ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը:
24. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը գիտական խորհրդին է ներկայացնում քվեարկության արդյունքները (նշելով յուրաքանչյուր հավակնորդի ստացած քվեները), որից հետո գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) առաջադրված պաշտոնում հավակնորդի ընտրվելու մասին,
2) կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,
3) ընտրությունները չկայացած ճանաչելու մասին:
(24-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
25. Եթե հավակնորդների թիվը երեք կամ ավելի է, և որևէ մեկը չի ստանում անհրաժեշտ «կողմ» քվեները, ապա նույն նիստում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առավելագույն «կողմ» քվեներ ստացած երկու (հավասար «կողմ» քվեների դեպքում՝ երկուսից ավելի) հավակնորդները:
(25-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
26. Կրկնակի քվեարկությունը կազմակերպվում է սույն ընթացակարգով սահմանված կարգով:
(26-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ)
27. Ընտրությունը համարվում է չկայացած, եթե.
1) պաշտոնի միակ հավակնորդը չի ստացել գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը,
2) կրկնակի քվեարկության արդյունքով որևէ հավակնորդ չի ստացել գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը:
28. Ընտրության գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կցվում են գիտական խորհրդի նիստի արձանագրությանը և արխիվացվում են գիտական խորհրդի քարտուղարությունում:
29. Ամբիոնի վարիչի մրցութային ընտրության գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի, ԵՊՀ կանոնադրության, ներքին իրավական այլ ակտերի և սույն ընթացակարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում ռեկտորը տասնօրյա ժամկետում կառուցվածքային ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդում նշանակում է կրկնակի քննարկում ու քվեարկություն:
30. Ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրված անձը հրավիրվում է ԵՊՀ գիտական խորհրդի նիստին, և խորհրդի անդամներն իրավունք ունեն նրան հարցեր տալու:
(30-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):
31. ԵՊՀ գիտական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ռեկտորն ընդունում է անհատական իրավական ակտ (կնքում է աշխատանքային պայմանագիր) և ընտրված անձին նշանակում ամբիոնի վարիչի պաշտոնում 5 տարի ժամկետով:
32. Ամբիոնի ստեղծման, վերակազմակերպման (կամ նման գործընթացի առկայության), ամբիոնի վարիչի լիազորության վաղաժամկետ դադարեցման, ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված ընտրությանը մասնակիցների բացակայության, ընտրությունը չկայանալու կամ բացառիկ այլ դեպքերում ռեկտորն իրավասու է մինչև 6 ամիս ժամկետով ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ամբիոնի ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան ունեցող անձի և այդ ժամկետի ավարտից առնվազն 40 օր առաջ նշանակել ու անցկացնել նոր ընտրություն:
(32-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):