General information
«ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգն ընդունվում է՝ հիմնվելով «ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի» 6.6-րդ խնդրի դրույթների վրա:
2. Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման կարգը, որի նպատակն է նպաստել դասավանդման մեթոդների կատարելագործմանը, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև՝ լավագույն փորձի տարածմանը:
2. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան մեկ անգամ:
4. Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ հիմնական հիմունքով աշխատող այն դասավանդողները, ովքեր տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդում են առնվազն 2 մասնագիտական դասընթաց: Մրցութային հանձնաժողովի անդամները և նախորդ տարվա հաղթող ճանաչված դասախոսները մրցույթին մասնակցել չեն կարող։
5. Մրցույթն ունի երկու բաղադրիչ՝ մրցանակակիրների ընտրություն և դասընթացների տեսաձայնագրում՝
ա) մրցանակակիրների ընտրությունն իրականացվում է մրցութային ուսումնական տարում: Մրցույթի արդյունքներն ամփոփվում են յուրաքանչյուր տարվա մայիսի 16-ին կամ դրան հաջորդող երկուշաբթի օրը,
բ) լավագույն փորձի տարածման նպատակով մրցանակաբաշխությանը հաջորդող ուսումնական տարվա ընթացքում տեսաձայնագրվում է մրցանակակրի կողմից առաջարկված մեկ մոդուլ։
6. Մրցույթի անվանակարգերն են՝
ա) ֆիզիկամաթեմատիկական (մասնակից ուսումնական ստորաբաժանումներ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ, Ֆիզիկայի ինստիտուտ, ՏՏԿՀ կենտրոն) մասնագիտությունների անվանակարգ՝ 2 մրցանակ,
բ) բնագիտական (մասնակից ուսումնական ստորաբաժանումներ՝ Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Քիմիայի ֆակուլտետներ, Ֆարմացիայի ինստիտուտ) մասնագիտությունների անվանակարգ՝ 2 մրցանակ,
գ) բանասիրական (մասնակից ուսումնական ստորաբաժանումներ՝ Հայ բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ռուս բանասիրության, Արևելագիտության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետներ) մասնագիտությունների անվանակարգ ՝ 3 մրցանակ,
դ) հասարակագիտական (մասնակից ուսումնական ստորաբաժանումներ՝ Պատմության, Տնտեսագիտության և կառավարման, Աստվածաբանության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) մասնագիտությունների անվանակարգ՝ 3 մրցանակ։
3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
7. Յուրաքանչյուր անվանակարգում մրցանակակրին ընտրելու նպատակով ձևավորվում է հանձնաժողով, որի կազմը հաստատվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:
8. Հանձնաժողովն առաջնորդվում է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակի» համակարգող հանձնաժողովի աշխատակարգով։
9. Իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու նպատակով հանձնաժողովն իրավասու է կատարել դասալսումներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել փորձագետներ։
10. Թեկնածուների առաջադրման, մրցանակակրի ընտրության և այլ կազմակերպական աշխատանքների կատարման նպատակով հանձնաժողովը հրավիրում է նիստեր: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Մրցանակակիրների վերաբերյալ հանձնաժողովի որոշումները մինչև մրցանակաբաշխության անցկացման օրը ենթակա չեն հրապարակման։
11. Մրցույթի արդյունքներով հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
ա) մրցանակակիր ճանաչելու և մրցանակը շնորհելու մասին,
բ) մրցույթը չկայացած համարելու մասին,
գ) մրցանակակիր չճանաչելու մասին (Համակարգող հանձնաժողովի կողմից սահմանված գնահատման սանդղակի 80 տոկոսը չապահովելու դեպքում):
Հանձնաժողովն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, եթե ներկայացված բոլոր դիմում-հայտերը մերժվել են:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Մրցույթի անցկացման պայմանների և թեկնածուների առաջադրման մասին տեղեկատվությունը հանձնաժողովը հայտարարում է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը: Թեկնածուն մասնակցության հայտը ներկայացնում է e-request.ysu.am էլեկտրոնային հարթակի միջոցով:
13. Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ընթացիկ տարվա մարտի 20-ը։
14. Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում-հայտ,
բ) ինքնակենսագրություն (CV),
գ) ընթացիկ ուսումնական տարում դասավանդվող առարկայացանկ՝ հաստատված ամբիոնի վարիչի կողմից,
դ) լսարանային գործունեության օրինակներ` ակտիվ ուսուցման և նորարարական մեթոդների օգտագործմամբ (որոնք հասանելի են e-learning.ysu.am հարթակում),
ե) ուսումնական տարվա ընթացքում դասավանդվող դասընթացների վերաբերյալ ուսանողների գնահատականներ,
զ) դասընթացի ընթացքում ուսանողների կողմից ներկայացված աշխատանքների օրինակներ (որոնք հասանելի են e-learning.ysu.am հարթակում),
է) ուսումնական ստորաբաժանման ղեկավարի կամ ամբիոնի վարիչի կողմից տրված աջակցության նամակ,
ը) աջակցության նամակ(ներ) հանձնաժողովի անդամ չհանդիսացող գործընկերներից (առկայության դեպքում),
թ) վերջին 5 տարվա ընթացքում գիտական, ուսումնամեթոդական և դասավանդվող առարկաների բովանդակությանն առնչվող հրապարակված աշխատությունների ցանկ՝ ներառյալ մասնակցություն գիտաժողովներին,
ժ) վերապատրաստման արդյունքում ստացած միավորները հավաստող տեղեկանք (առկայության դեպքում),
ժա) ընթացիկ ուսումնական տարում դասավանդվող դասընթացների պլաններ (որոնք հասանելի են e-learning.ysu.am հարթակում):
15. Թերի կամ ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու դեպքում հանձնաժողովը տրամադրում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու և դիմումը կրկին ներկայացնելու համար:
5. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
16. Մրցանակակիրների պարգևատրումը կատարվում է մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
17. Մրցանակակիրներին տրվում է հավաստագիր և պարգևատրում՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը:
18. Մրցանակակիրները հնարավորություն ունեն տեսաձայնագրել մեկ կրթական մոդուլ, որի կատարման դեպքում յուրաքանչյուրը պարգևատրվում է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը: