ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 13-15-ը Ծաղկաձորում կազմակերպվեց «Կայունություն և զարգացում. Հայաստանի մարտահրավերները վերափոխվող աշխարհում» խորագրով ձմեռային դպրոց, որի նպատակն էր նպաստել ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, վերլուծական մտածողության զարգացմանը և համաշխարհային արդի գործընթացների շուրջ բանավեճի մշակույթի ձևավորմանը:
Տեսական գիտելիքն ու գործնական հմտությունները համադրելու շնորհիվ մասնակիցները ձմեռային դպրոցի ընթացքում հնարավորություն ունեցան վերլուծելու Հայաստանի առջև ծառացած քաղաքական, տնտեսական, անվտանգային և հասարակական մարտահրավերները՝ արագ փոփոխվող միջազգային միջավայրի պայմաններում։
Ծրագրի շրջանակում հանդես եկան ՀՀ պետական կառավարման ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, դասախոսներ և հետազոտողներ, որոնք հանդես եկան բանախոսություններով՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության դինամիկային, կայուն զարգացման օրակարգին, գլոբալ ուժային վերադասավորումներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Քննարկումները ծավալվեցին ինտերակտիվ ձևաչափով՝ խրախուսելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունը, հարցուպատասխանի և բանավեճի մշակույթը։
Ձմեռային դպրոցի շրջանակում դասախոսությամբ հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Հայաստանի անվտանգային դիմակայունության նոր ռեսուրսները վերափոխվող աշխարհում», ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ «Ինստիտուտների արդիականացումը՝ որպես դիմակայունության երաշխիք», ՏԿԵՆ քարտուղարության պետ Վարուժան Հարությունյանը՝ «Հայաստանում իրականացվող ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերը», ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը՝ «Աշխարհակարգի վերափոխումը և Հայաստանի առջև ծառացող մարտահրավերները», հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը, ՄՀՖ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանը, քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գոռ Պետրոսյանը՝ «ՀՀ քաղաքական համակարգի դիմակայունության հիմնախնդիրները», միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը՝ «Հարավային Կովկասը՝ որպես աշխարհաքաղաքական մեմբրան» թեմաներով:
Ձմեռային դպրոցը վերածվեց ոչ միայն կրթական նախաձեռնության, այլև մասնագիտական հաղորդակցության և փորձի փոխանակման արդյունավետ հարթակի։ Այն նպաստեց ուսանողների ռազմավարական մտածողության զարգացմանը, ոլորտային իրազեկվածության բարձրացմանը և քաղաքացիական պատասխանատու դիրքորոշման ձևավորմանը։
Միջազգային հարաբերությունների 4-րդ կուրսի ուսանողուհի Գրիզելդա Գալստյանը, ներկայացնելով իր տպավորությունները ձմեռային դպրոցից, մասնավորապես նշեց. «Ձմեռային դպրոցին մասնակցությունն ինձ համար բացառիկ արժեքավոր և բովանդակալից փորձառություն էր։ Ծրագիրն առանձնանում էր արդիական և խորքային թեմատիկ ընդգրկմամբ, հետաքրքրական էին մասնավորապես դիմակայունության և ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ քննարկումները, որոնք էական նշանակություն ունեն ներկայիս միջազգային միջավայրում։ Քննարկումների ընթացքում վերաիմաստավորեցինք առկա կարծրատիպային մոտեցումները, տարբեր գործընթացները փորձեցինք դիտարկել այլ տեսանկյուններից, ձևավորել առավել քննադատական մոտեցում և կատարել համակողմանի վերլուծություն: Հատկապես կարևոր էր պետական կառույցների ներկայացուցիչների և տարբեր ոլորտների պատասխանատու անձանց հետ մասնագիտական մտքերի փոխանակումը։ Նման ձևաչափը հնարավորություն տվեց առավել ամբողջական պատկերացում կազմելու առկա մարտահրավերների ծավալի և բարդության վերաբերյալ, ինչպես նաև խորապես ըմբռնելու ժամանակակից միջազգային հարաբերություններում ընթացող բազմավեկտոր դիվանագիտական գործընթացների առանձնահատկությունները»։
Միջոցառումն ուսանողների համար նաև մասնագիտական կապերի ձևավորման և փորձի փոխանակման հնարավորություն էր, որը նպաստեց ուսանողների մտահորիզոնի ընդլայնմանը, քննադատական մտածողության զարգացմանը և քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, գրասենյակի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ Գոռ Պետրոսյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, ընդգծեց. «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առաջնահերթ նշանակություն է տրվում ոչ միայն լսարանային կրթական գործընթացին, այլև արտալսարանային հանդիպումների և ոչ ֆորմալ ձևաչափով կազմակերպվող բանախոսությունների միջոցով ուսանողների մասնագիտական կարողությունների և գիտելիքների շարունակական զարգացմանը։ Այս համատեքստում ֆակուլտետի ավանդական նախաձեռնություններից են ամառային և ձմեռային դպրոցները, որոնք ձևավորվել են որպես արդյունավետ հարթակներ՝ տեսական գիտելիքն ու գործնական փորձառությունը համադրելու համար։
Նշված ծրագրերի շրջանակում ուսանողները հնարավորություն են ստանում ունկնդրելու ինչպես ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքականություն մշակողների և իրականացնողների ելույթները»։
Նմանօրինակ նախաձեռնություննեը կարևոր նշանակություն ունեն ինչպես ուսանողներին՝ արդի խնդիրների քննարկումներում, այնպես էլ Հայաստանի զարգացման ուղիների ձևավորման գործընթացներում ներգրավելու տեսանկյուններից:





