ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված ձմեռային դպրոցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպեց ուսանողներին:
Նախարարը հանդես եկավ «Հայաստանի անվտանգային դիմակայունության նոր ռեսուրսները վերափոխվող աշխարհում» թեմայով դասախոսությամբ: Ս. Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի ներկա մարտահրավերներին, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը ազգային անվտանգության համակարգի վրա, ինչպես նաև վերափոխվող միջազգային հարաբերությունների պայմաններում ձևավորվող նոր ռեսուրսներին և հնարավորություններին։
Մասնավորապես քննարկվեցին պաշտպանական ոլորտի բարեփոխումների ընթացքը, զինված ուժերի արդիականացման և կարողությունների զարգացման առաջնահերթությունները, ռազմավարական պլանավորման արդիական մոտեցումները, ինչպես նաև բազմավեկտոր համագործակցության և միջազգային գործընկերության ընդլայնման նշանակությունը։ Ներկայացվեց նաև պետական ինստիտուտների կայունության, հասարակական համախմբվածության և ռազմարդյունաբերական ներուժի զարգացման դերը որպես անվտանգային դիմակայունության կարևոր բաղադրիչ։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան նախարարին ուղղելու իրենց հուզող հարցերն ու ստանալու մասնագիտական պարզաբանումներ քննարկված թեմաների վերաբերյալ։





