ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ մեկնարկում է «R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը, որը հնարավորություն կտա բիզնես գաղափարներում կիրառելու տվյալահենք վերլուծական մոտեցումներ։
Դասընթացը կմեկնարկի ս.թ. մարտի 3-ից և կանցկացվի առկա ձևաչափով՝ 6 օր՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 19։00-21։00-ն։
Դասընթացը կվարի ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոս, հետազոտող Լուսինե Զիլֆիմյանը։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են վարքագծային տնտեսագիտությունը, մարդ-համակարգիչ փոխազդեցությունը և տվյալների վերլուծությունը:
Դասընթացի բովանդակությունը
«R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը նախատեսված է R ծրագրավորման լեզվի սկզբնական գիտելիքներ ձեռք բերելու համար: Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան R միջավայրին, R Studio-ին, տվյալների տիպերին և օբյեկտներին, կյուրացնեն ծրագրավորման կառուցվածքներ՝ պայմաններ, ցիկլեր, ֆունկցիաներ, ինչպես նաև կսովորեն աշխատել տվյալների, տվյալների ներմուծման, մաքրման, փոխակերպման և վիզուալիզացիայի հետ։ Գործնական աշխատանքների ընթացքում կօգտագործվեն նաև R-ի մի շարք գրադարաններ՝ dplyr, stringr, ggplot2։
Մասնակիցները դասընթացի ավարտին կկարողանան կատարել տվյալների վերլուծություն և կիրառել վիճակագրական մեթոդներ R ծրագրավորման լեզվի միջոցով:
Մասնակցության պայմանները
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգչային հիմնարար հմտություններ, վերլուծական մտածողություն և ընդհանուր պատկերացում տվյալների հետ աշխատանքի վերաբերյալ: Տնտեսագիտության, բիզնեսի, հոգեբանության, սոցիալական գիտությունների, ՏՏ ոլորտում կրթական կամ մասնագիտական նախապատրաստվածությունը ցանկալի է, սակայն ոչ պարտադիր։
Գրանցում և վճար
Ծրագրավորման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. մարտի 1-ը՝ անցնելով հղումով։
Ուսման վճարը կազմում է 40 000 ՀՀ դրամ։ Համալսարանականների համար դասընթացը կազմակերպվում է անվճար։