08․03․2026
Սիրելի՛ համալսարանականներ,
Մարտի 8-ը հանրային օրացույցում առանձնահատուկ նշանակություն ունեցող օր է: Այն ոչ միայն հարգանքի և գնահատանքի արտահայտման օր է, այլև հարմար առիթ՝ վերահաստատելու մեր հանձնառությունը մարդու իրավունքների պաշտապանության ու հավասար հնարավորությունների ապահովման գործընթացում։
Գենդերային անհավասարության պատճառների և հետևանքների հաղթահարումը պահանջում է գիտակցված, համակարգային և փաստահենք մոտեցումներ՝ հիմնված գիտելիքի և կրթության ուժի վրա: Չնայած վերջին տասնամյակներում արձանագրված տեսանելի առաջընթացին՝ մենք ընդունում ենք խնդիրների առկայությունը։ Դրանք ձգվում են սոցիալական կարծրատիպերից ու որոշումների կայացման գործընթացներում ոչ համամասնական ներկայացվածությունից մինչև աշխատանքային ու ընտանեկան պարտավորությունների համադրման բարդություններ։
Երևանի պետական համալսարանը՝ որպես գիտակրթական առաջատար հաստատություն, այն հարթակն է, որտեղ կանանց և տղամարդկանց ընձեռվում են կրթության, հետազոտության և ակադեմիական առաջնորդության հավասար հնարավորություններ։ Համալսարանի կառավարման և ակադեմիական մշակույթի չափանիշների հիմքում մեծ տեղ ունի անվտանգ միջավայրի երաշխավորումը։
Այս սկզբունքային քաղաքականությունն իր առարկայական արտացոլումն է գտել ԵՊՀ գենդերային հավասարության ծրագրում (2021–2026 թթ.), որն ուղենշում է մեր գործողությունների լայն օրակարգը՝ ոտնձգությունների կանխարգելումից մինչև գենդերային բաղադրիչի ինտեգրում հետազոտական գործընթացներում, ինչպես նաև աշխատանքի և կյանքի հավասարակշռության աջակցումն ու կարիերայի առաջխաղացման խթանումը։
Համալսարանի առաքելությունը բացառիկ է. գիտելիքի ստեղծումն ու փոխանցումը պետք է ծառայեն ոչ միայն մասնագիտական կայացմանը, այլև այնպիսի արժեհամակարգի ձևավորմանը, որտեղ հավասար հնարավորությունները ապահովված են գործնականում։ Այս համատեքստում ուզում եմ առանձնահատուկ ընդգծել՝ ԵՊՀ-ում կանայք իրենց ներուժը, ուժը, փորձառությունն ու պրոֆեսիոնալիզմը վերածում են իրական ազդեցության գիտության, նորարարության և հանրային կառավարման ոլորտներում։
Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ մեր համալսարանական միջավայրը մնա արժանապատվության, փոխադարձ հարգանքի և համատեղ հաջողությունների կայուն հենարան։