ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ նշանավոր բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Ժողովածուն ամփոփում է 2025 թվականի հոկտեմբերին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպած գիտաժողովի նյութերը։ Գիտաժողովը նվիրված էր Ռազմիկ Դավոյանի գրական ժառանգության բազմակողմանի ուսումնասիրությանը և նրա ստեղծագործական աշխարհի նոր մեկնաբանություններին։
Գրքում ընդգրկված են գրողի տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններին անդրադարձող զեկուցումներ և ուսումնասիրություններ։ Դրանք ունեն նաև միջգիտակարգային բնույթ՝ բացահայտելով Ռազմիկ Դավոյանի գեղարվեստական աշխարհի գեղագիտական առանձնահատկությունները, նրա ստեղծագործությունների գաղափարական ու բովանդակային շերտերը, ինչպես նաև լեզվական ու ոճական առանձնահատկությունները։
Շնորհանդեսին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը կարևորեց Ռազմիկ Դավոյանի դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ՝ ընդգծելով, որ նման գիտաժողովներն ու դրանց նյութերի հրապարակումը նպաստում են մեծ գրողների ստեղծագործական ժառանգության նորովի արժևորմանն ու ուսումնասիրմանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ժողովածուի հրատարակման գործում։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև հյուրեր ՀՀ գրողների միությունից, Համազգային հայ կրթական և մշակութային միությունից, Հայաստանի տարբեր բուհերից:


