ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Մերձավոր Արևելքի լարվածությունը. ԱՄՆ-Իսրայել-Իրան հարաբերությունների ապագան» թեմայով: Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք վերլուծեցին տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հնարավոր սցենարները:
Իրանի ներքաղաքական իրավիճակը և ռազմական դինամիկան
Իրանագիտության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Արտյոմ Տոնոյանը մանրամասն անդրադարձ կատարեց Իրանում տիրող ներկա իրավիճակին՝ վերլուծելով ակտիվ ռազմական գործողությունների ընթացքը և դրանց հաջորդած «քաղաքական վակուումի» ռիսկերը: Փորձագետը հատուկ ուշադրություն դարձրեց ա) պատերազմական իրավիճակում արված պաշտոնական հայտարարություններին և վարչակազմի հասցեին հնչող քննադատություններին, բ) հոգևոր առաջնորդի բացակայության պայմաններում ստեղծված միջանկյալ շրջանի մարտահրավերներին, գ) հնարավոր զարգացումների համատեքստում նոր նախագահի ընտրության հեռանկարներին:
Արաբական աշխարհի մարտահրավերները և «պաշտպանողական ջիհադը»
Արաբագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Քոչարյանն իր ելույթում կենտրոնացավ արաբական երկրների առջև ծառացած խնդիրների վրա՝ ներկայացնելով ա) շիայական «պաշտպանողական ջիհադի» հայեցակարգն ու դրա ազդեցությունը հակամարտության վրա, բ) արաբական պետությունների ներգրավվածության աստիճանը՝ ըստ նրանց աշխարհագրական դիրքի և քաղաքական շահերի, գ) տեղեկատվական պատերազմը և լրատվական հոսքերում առկա չափազանցությունների ազդեցությունը հանրային կարծիքի վրա:
Թուրքիայի դիրքորոշումը և տարածաշրջանային համագործակցությունը
Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Մհեր Աբրահամյանն անդրադարձավ Թուրքիայի որդեգրած քաղաքականությանն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշմանը: Քննարկվեցին հետևյալ առանցքային կետերը. ա) Թուրքիայի աշխարհագրական դիրքից բխող ռիսկերն ու հնարավորությունները պատերազմի պայմաններում, գ) Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հայտարարությունը՝ ուղղված Ադրբեջանին՝ կապված Իսրայելի հետ վերջինիս սերտ համագործակցության հետ:
Քննարկման ավարտին Ա․ Տոնոյանը լրացուցիչ դիտարկումներ ներկայացրեց հակամարտության հավանական տևողության և վերջնարդյունքների վերաբերյալ:
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով: Քննարկմանը մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան բանախոսներին ուղղելու տարածաշրջանային բարդ գործընթացների վերաբերյալ իրենց հուզող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ:


