ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման շրջանակում դիպլոմներ ստացան «Միջազգային հարաբերություններ» և «Ազգային անվտանգություն» կրթական ծրագրերի շրջանավարտները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ձեռք են բերել խորքային տեսական գիտելիքներ և կիրառական հմտություններ՝ անհրաժեշտ ժամանակակից աշխարհաքաղաքական բարդ գործընթացները հասկանալու և վերլուծելու համար։
Արարողության մեկնարկին ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը շնորհավորեց շրջանավարտներին կարևորագույն ձեռքբերման առթիվ՝ բարձր գնահատելով նրանց՝ ուսումնառության ընթացքում ցուցաբերած հետևողականությունն ու պատասխանատվությունը։ Իր խոսքում դեկանն ընդգծեց մագիստրոսական կրթության դերը՝ հատկապես ներկայիս աշխարհում, որտեղ միջազգային հարաբերությունները և ազգային անվտանգությունը պահանջում են խորքային գիտելիքներ, վերլուծական մտածողություն և ռազմավարական մոտեցում։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև դասախոսներ, որոնք, շնորհավորելով շրջանավարտներին, կարևորեցին երիտասարդ մասնագետների՝ որպես երկրի զարգացման և կայունության ապահովման կարևոր դերակատարների ներգրավվածությունը պետական կառավարման, դիվանագիտական ծառայության և հետազոտական ոլորտներում:
Ստանալով իրենց վկայականները՝ շրջանավարտներն իրենց խորին երախտագիտությունը հայտեցին հարազատ ֆակուլտետին և համալսարանին մասնագիտական բարձրորակ կրթության, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորման և քննադատական մտածողության զարգացման համար։


