ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական կարևոր քննարկում՝ նվիրված բուլինգի բացասական ազդեցությանը աշակերտների սոցիալականացման գործընթացի վրա։ Մասնագիտական քննարկման հիմնական նպատակն էր բարձրաձայնել թեմային առնչվող կարևորագույն հարցերը և գտնել դրանց համար արդյունավետ լուծումներ։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, իր խոսքն ուղղելով ուսուցիչներին, ընդգծեց նրանց առանցքային դերակատարումը դպրոցական միջավայրի «առողջացման» գործում։ Նրա խոսքով՝ «բուլինգ» եզրի հայերեն համարժեքի բացակայությունը, գուցե, պայմանավորված է նրանով, որ հասարակական մտածողությունը հաճախ փորձում է արտամղել այդ երևույթը։ Այս համատեքստում նա մատնանշեց, որ խնդիրը գոյություն ունի և պահանջում է համակարգային լուծումներ։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ընդգծեց, որ հավասար կրթությունը, անվտանգ միջավայրը և ամենակարևորը՝ երեխայի երջանկությունը դեռևս ամբողջապես չիրականացված նպատակներ են դպրոցների համար։ Պրոֆեսորը հարցադրումներով անդրադարձավ «դպրոց» սոցիալական ինստիտուտում այն բացթողումներին, որոնք հանգեցնում են բուլինգի դրսևորմանը, որը բացասաբար է ազդում աշակերտների լիարժեք սոցիալականացման գործընթացի վրա։ Նա անդրադարձավ նաև Ճապոնիայի հանրակրթության առաջավոր փորձին, որը տվել է մեծ արդյունք զարգացած և երջանիկ սերունդ կրթելու և դաստիարակելու գործում։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ «Վարդանանք» կրթահամալիրի տնօրեն Գ․ Սողոմոնյանը, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մ․ Գալստյանը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Մ․Ալեքսանյանը։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բազմամակարդակ մասնագիտական քննարկում, որի շրջանակում ելույթ ունեցան Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի առաջատար դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ա. Աշիկյանը, ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դ. Սարգսյանը, ինչպես նաև Կրթական հետազոտությունների կենտրոնի հետազոտող-սոցիոլոգ Արևիկ Համբարձումյանը։
Քննարկման շրջանակում ելույթներով հանդես եկան նաև տարբեր դպրոցների տնօրեններ, որոնք ներկայացրին իրենց փորձը բուլինգի դեպքերի հաղթահարման և դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Մասնակից տնօրենները հատկապես կարևորեցին սոցիալական մանկավարժի դերն այս հիմնահարցի լուծման գործընթացում՝ ընդգծելով, որ սոցիալական մանկավարժը այն առանցքային մասնագետն է դպրոցում, որը նպաստում է աշակերտների լիարժեք սոցիալականացմանը, հոգեբանական ապահով միջավայրի ձևավորմանը, կոնֆլիկտների վաղ հայտնաբերմանը և դրանց արդյունավետ հաղթահարմանը։ Նրանց կարծիքով՝ սոցիալական մանկավարժի համակարգված և մասնագիտական գործունեությունը կարող է զգալիորեն նպաստել բուլինգի կանխարգելմանը, աշակերտների միջև առողջ հաղորդակցության ձևավորմանը և դպրոցում համագործակցային ու ներառական մշակույթի զարգացմանը։
Հատկապես տպավորիչ էին աշակերտների ելույթները․ նրանք հանդես եկան իրենց դիրքորոշումներով՝ առաջարկելով նոր դիտանկյուններ բուլինգի դեմ պայքարում։ Աշակերտների ակտիվ ներգրավվածությունը ցույց տվեց, որ խնդրի լուծման ճանապարհին կարևոր է լսելի դարձնել հենց սովորողների ձայնը։
Քննարկման ավարտին որոշվեց կազմել ամփոփիչ փաստաթուղթ, որտեղ կներառվեն բոլոր առաջարկներն ու գործնական քայլերը։ Փաստաթուղթը կուղարկվի մասնակից դպրոցներին որպես ուղեցույց՝ բուլինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների բազմազանությունն ապահովելու նպատակով։
Ամփոփելով հանդիպումը՝ Ն. Հարությունյանը կարևորեց ընտանիք-դպրոց–բուհ համագործակցությունն ու շարունակականությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ և համակարգված ջանքերի և աշխատանքի միջոցով հնարավոր կլինի գտնել գիտականորեն հիմնավորված լուծումներ։ Նա հավաստիացրեց, որ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը պատրաստ է շարունակելու աջակցել դպրոցներին և իր մասնագիտական ներուժը ներդնելու բուլինգի դեմ պայքարի գործում։
Այս քննարկումն ապացուցեց, որ բուլինգի դեմ պայքարը միայն կրթական խնդիր չէ․ այն վերաբերում է հասարակության արժեքներին, երեխաների հոգեբանական անվտանգությանն ու քաղաքացիական մշակույթին։ Միայն համակարգված և գիտակցված քայլերով հնարավոր կլինի ունենալ այնպիսի դպրոց, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա պաշտպանված, գնահատված և երջանիկ։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին Երևանի և ՀՀ մարզերի 30-ից ավելի դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, աշակերտներ, ինչպես նաև կենտրոնի կրթական ծրագրերի ուսանողներ, դասախոսներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամից, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնից և «Վարդանանք» կրթահամալիրից։















