- Main
- Node
- Համալսարանական թվային կառավարման էստոնական փորձը՝ որպես համագործակցության հետաքրքիր ուղղություն
March 31, 2026 | 15:15
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Համալսարանական թվային կառավարման էստոնական փորձը՝ որպես համագործակցության հետաքրքիր ուղղություն
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ՝ անդրադառնալով այն ուղղություններին, որոնք կարող են երկկողմ շփումները վերածել համատեղ գիտակրթական նախաձեռնությունների։
Էստոնիան այսօր միջազգային կրթական միջավայրում առանձնանում է որպես թվային կառավարման զարգացած փորձ ունեցող երկիր, որտեղ բարձրագույն կրթությունը միավորում է միջազգային համագործակցության լայն հնարավորությունները, տեխնոլոգիական առաջադեմ միջավայրը և ճկուն կրթական լուծումները։
Պաշտոնական տվյալներով՝ Էստոնիայում միջազգային ուսանողների համար առաջարկվում է ավելի քան 150 ամբողջությամբ անգլերենով իրականացվող կրթական ծրագիր։ Միաժամանակ երկրի կրթական համակարգում կարևորվում են փոքր խմբերով ուսուցումը և ժամանակակից ուսումնական միջավայրի ապահովումը։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց Հայաստանում Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչության ձևավորման ընթացքը և կարևորեց կրթության ու գիտության ոլորտներում կապերի ամրապնդումը՝ որպես հայ-էստոնական հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղություն։ Այդ համատեքստում քննարկվեց նաև առաջիկայում ԵՊՀ այցելության և ուսանողների հետ անմիջական շփման հնարավորությունը, ինչը կարող է համագործակցությանը հաղորդել ավելի առարկայական և տեսանելի ընթացք։
Քննարկման առանցքում եղել են ԵՊՀ-ի և Էստոնիայի բուհերի միջև նախկինում ձևավորված կապերի շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ Տարտուի համալսարանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Տարտուի համալսարանը Էստոնիայի ամենահին և ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է, համարվում է երկրի ակադեմիական կյանքի առանցքային կենտրոնը և ներառված է աշխարհի լավագույն 350 համալսարանների թվում։ Համալսարանը 2026 թվականի ընդունելության համար առաջարկում է նաև 28 անգլալեզու կրթական ծրագիր, այդ թվում՝ համատեղ ծրագրեր։
Կողմերն անդրադարձան ուսանողների և դասախոսների շարժունության ծրագրերի ակտիվացմանը, համատեղ կրթական նախաձեռնությունների մշակմանը, առցանց դասախոսությունների, կարճաժամկետ ակադեմիական ծրագրերի և ամառային դպրոցների կազմակերպմանը։ Քննարկվեց նաև օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ փորձի փոխանակումը, ինչը կարող է նոր հնարավորություններ բացել ԵՊՀ միջազգայնացման օրակարգում։
Առանձին ուշադրության է արժանացել նաև Էստոնիայի փորձը համալսարանական կառավարման թվայնացման ոլորտում։
Էստոնիայի բուհական համակարգում թվայնացումը սահմանափակված չէ միայն առցանց դասավանդմամբ․ այն ներառում է նաև միասնական ընդունելության հարթակներ, ուսանողների անձնական թվային միջավայրեր, ուսումնական տեղեկատվության հասանելիություն և փաստաթղթաշրջանառության պարզեցված մեխանիզմներ։
Էստոնիայի կրթության և հետազոտության նախարարությունն իր միջազգային համագործակցության առաջնահերթությունների շրջանակում ընդգծում է, որ երկիրը պատրաստ է կիսվել կրթական բարեփոխումների, համակարգերի արդիականացման, կրթական տեխնոլոգիաների և թվային ուսուցման բնագավառներում կուտակած փորձով։ Այս համատեքստում էստոնական բուհերի հետ համագործակցությունը հատկապես հետաքրքիր դառնում ԵՊՀ-ի համար, որտեղ կառավարման և կրթական միջավայրի արդիականացման գործընթացները շարունակական բնույթ են կրում։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ համագործակցությունը նպատակահարմար է զարգացնել փուլային և գործնական քայլերով՝ սկսելով տեղեկատվության փոխանակումից, շարժունության ծրագրերի ակտիվացումից և համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացումից։ Երկուստեք կարևորվեց նաև ուսանողների մասնակցությամբ բաց դասախոսությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա առավել խորացնելու կրթական և մշակութային կապերը երկու երկրների միջև։
Կողմերը վստահություն հայտնեցին, որ ձևավորվող համագործակցությունը կունենա շարունակական բնույթ՝ նպաստելով ԵՊՀ միջազգային կապերի ընդլայնմանը և ակադեմիական նոր գործընկերությունների ձևավորմանը:


