ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտի միջմշակութային կրոնագիտական կենտրոնում շարունակվում է իրականացվել ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները ժամանակակից Հայաստանում» ծրագիրը (ծածկագիր՝ «25RG-6D123»):
Ծրագրի օրացուցային պլանի համաձայն՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի պատվիրակությունը փորձի փոխանակման և Գերմանիայում ներգաղթյալների հարցերով զբաղվող գերատեսչությունների աշխատանքին ծանոթանալու նպատակով մարտի 23-30-ը գտնվում էր Գերմանիայի Դաշնությունում: Ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ծրագրի ղեկավար, փ.գ.թ., դոցենտ Պարգև Բարսեղյանի գլխավորած պատվիրակության առաջին հանդիպումը կայացել է Համբուրգում: Քաղաքացիական կրթության պետական գործակալության ակադեմիական խորհրդատու Մատիաս Գրեյտեի և աշխատակից Մահնալ Սուրուի հետ հանդիպման ընթացքում նրանք համառոտ ներկայացրել են Գերմանիայում ներգաղթյալների նկատմամբ իրականացվող քաղաքականության առանձնահատկությունները: Ծրագրի ղեկավար Պարգև Բարսեղյանը և կատարող Մարիամ Աբրահամյանն էլ ներկայացրել են ծրագրի շրջանակում Հայաստանում կատարված աշխատանքները և ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները:
Այնուհետև հետազոտող խումբը հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնության Մյունսթերի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում, որտեղ ծրագրի արտասահմանյան գործընկեր, Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ռեգինա Էլզների հետ կայացել է հանդիպում և քննարկվել ծրագրի օրացուցային պլանով նախատեսված ընթացիկ աշխատանքները: Նախ՝ կարևորվել է արդեն իսկ կատարված աշխատանքների հիման վրա հոդվածների պատրաստումը և հրատարակումը, ապա՝ նպատակ է դրվել շարունակելու աշխատանքները ներգաղթյալների հետ և աշխատելու նոր հոդվածների պատրաստման ուղղությամբ: Մյունսթերի համալսարանում նաև հանդիպումներ են կայացել աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Օլիվեր Դյումայի և ֆակուլտետի հեղինակավոր պրոֆեսորների հետ՝ քննարկման առարկա ունենալով հիմնականում Մյունսթերի և Երևանի պետական համալսարանների հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Բավականին արդյունավետ և փոխըմբռնման մթնոլորտում կայացած համդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն է՛լ ավելի խորացնելու երկու հաստատությունների համագործակցությունը և իրականացնելու ուսանողների և դասախոսների փոխանակման կոնկրետ ծրագրեր թե՛ «Էրազմուս+», թե՛ այլ ծրագրերի շրջանակներում: Դիտարկվել է նաև համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունը: Որոշվել է արդեն գալիք ուստարվանից երկու համալսարանների համագործակցության ուղղությամբ կատարել կոնկրետ քայլեր:
Պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում հաջորդ օրերին հանդիպումներ է ունեցել հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հայ ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները Գերմանիայում և այդ փորձի կիրառական հնարավորությունը Հայաստանի ներգաղթյալների վերաբերյալ կատարվող հետազոտական աշխատանքներում: Խումբը եղել է Քյոլնի հայկական եկեղեցու առաջնորդարանում, հանդիպել Եղիշե վրդ. Ավետիսյանի, ինչպես նաև Համբուրգի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչների հետ: Հետազոտական աշխատանքները շարունակվում են: Գերմանիայում ձեռք բերված պայմանավորվածությունները և փորձը, անշուշտ, նոր թափ կհաղորդեն հետազոտական աշխատանքներին:








