Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի կարևորագույն առաքելություններից է պատրաստել բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց կարողություններով մրցունակ կլինեն ՏՏ ոլորտի արագ զարգացող ժամանակաշրջանում և մասնագիտական մարտահրավերների դաշտում։ Կենտրոնը մշտապես հետևում է իր շրջանավարտների մասնագիտական ուղուն և ներկայացնում նրանց հաջողության պատմությունները։
Մեկնարկում ենք հոդվածների նոր շարք, որտեղ կներկայացնենք ՏՏԿՀ կենտրոնի շրջանավարտների մասնագիտական ձեռքբերումներն ու փորձը։
ՏՏԿՀ կենտրոնի 2009 թվականի շրջանավարտ Պարույր Խնկոյանի մասնագիտական ուղին հետաքրքիր է, իսկ ձեռքբերումները՝ ոգեշնչող: Նրա հետ զրույցում փորձեցինք բացահայտել մասնագիտական ճանապարհի ուշագրավ դրվագները:
- Կպատմե՞ք Ձեր մասին: Որտե՞ղ եք այժմ մասնագիտական գործունեություն ծավալում: Ձեր մասնագիտական գործունեության ոլորտից առանձնացրե՛ք մեկ ուշագրավ արդյունք:
- ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի շրջանավարտ եմ։ Մագիստրոսական ծրագրի շրջանակում ավարտել եմ «Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագիրը։
Արդեն ավելի քան 10 տարի աշխատում եմ Միացյալ Թագավորությունում տեղակայված «Bloomberg» ընկերության եվրոպական գլխամասում որպես ինժեներական թիմերի ղեկավար։ Իմ ղեկավարած թիմերը մշակում են արտարժույթի էլեկտրոնային առևտրի հարթակներ, որոնք օգտագործվում են աշխարհի խոշորագույն բանկերի և կորպորացիաների կողմից։
Մեր ստեղծած համակարգերում օրական իրականացվող առևտրի ծավալը հաճախ գերազանցում է մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարը:
- Ի՞նչ է տվել Ձեզ ՏՏԿՀ կենտրոնում ուսանելը։
- Կենտրոնում ուսանելու ընթացքում ստացել եմ հիմնարար գիտելիքներ ծրագրային և ապարատային ապահովման ոլորտներում, ինչպես նաև դրանց փոխգործակցության վերաբերյալ։ Այս գիտելիքները հատկապես կարևոր են բարդ համակարգերի նախագծման և մասշտաբավորվող լուծումների ստեղծման համար։
- Ի՞նչ մարտահրավերների եք բախվել կարիերայի ընթացքում։
- Բարդ և բարձր ծանրաբեռնվածությամբ համակարգերի մշակումը պահանջում է ոչ միայն տեխնիկական խորքային գիտելիքներ, այլ նաև համակարգային մտածողություն։ Այսօր, երբ արհեստական բանականությունը արագորեն փոխում է ոլորտը, առավել քան երբևէ, կարևոր են դառնում հիմնարար գիտելիքները, որոնք թույլ են տալիս արագ հարմարվել նոր տեխնոլոգիաներին։
- Ձեր խորհուրդը, խնդրում եմ, ՏՏԿՀ կենտրոնի ուսանողներին։
- Վստահ եմ, որ ՏՏԿՀ կենտրոնը ուսանողներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներ և մասնագիտական ամուր հիմք՝ իրենց մասնագիտական ճանապարհը վստահորեն սկսելու և զարգացնելու համար։ Ժամանակը և ընձեռված հնարավորություններն արդյունավետ օգտագործելը հաջողության հասնելու երաշխիքներից են: