Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսանողների համար կազմակերպվեց «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված ուսանողներին ներկայացվեցին մասնակցության պայմաններն ու դիմելու ընթացակարգը։
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել մեկ տարվա ուսման վարձավճարի 80%-ի չափով փոխհատուցում, ինչպես նաև նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։
Ծրագիրը նախատեսված է 3-րդ կուրսի ուսանողների համար։ Բացի մեկ տարվա ուսման վարձավճարի 80%-ի չափով փոխհատուցումից՝ ծրագիրը հնարավորություն կտա նաև մասնակցելու առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից անցկացվող 44 ժամ կրթական դասընթացներին, կարճ ժամանակահատվածում ձեռք բերելու ժամանակակից ու մրցունակ մասնագիտություն և հենց կազմակերպության ներսում եռամսյա ժամանակահատվածում զարգացնելու կարևոր գործառական հմտություններ:
Արդյունքում ծրագիրը հնարավորություն կընձեռի նաև մասնակիցներին ակտիվ մասնակցության դեպքում ստանալու հիմնական աշխատանք։
Ծրագրի տևողությունը՝ 5 ամիս (սեպտեմբեր – փետրվար):
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ info@apagafoundation.am էլհասցեին (թեմա դաշտում նշել՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ս.թ. հունիսի 6-ը։



