ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը, համագործակցելով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ, ս.թ. ապրիլի 14-ին հանդես եկավ բացառիկ գրական դատով՝ նվիրված մեծ լուսավորչի առեղծվածային անհետացման 178-ամյակին։
Զուգադրելով գրականության մեջ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ վարկածները՝ մասնակիցները հնարավորություն ունեցան վերլուծելու Խաչատուր Աբովյանի մահվան առեղծվածը իբրև խորհրդավոր ու դեռ չբացահայտված պատմական էջ: Գիտական-մշակութային փաստերով լի գրական այդ հիշարժան միջոցառման ընթացքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները քննական վերլուծություններով, տարբեր վարկածների համադրումով, դրանց գիտական ու փաստական հիմնավորումներով փորձեցին նորովի գնահատել և մեկնաբանել մեծ լուսավորչի կյանքի և անհետացման առեղծվածը:
Քննարկումն անցավ բուռն և հագեցած մթնոլորտում՝ ևս մեկ անգամ հաստատելով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի միջև հաստատված փոխգործակցության կարևորությունը:



