ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում ավագ դպրոցների աշակերտների և ապագա դիմորդների հետ, որի նպատակն էր մանրամասն ներկայացնել ֆակուլտետի կրթական գործունեությունը և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները:
Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն ներկայացնելու ֆակուլտետի ուսումնական գործընթացը, այլև ապագա դիմորդների մեջ ձևավորելու հստակ պատկերացում այն պատասխանատվության և մասնագիտական առաքելության վերաբերյալ, որը ստանձնում են միջազգայնագետները՝ ժամանակակից աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում:
Հանդիպման մեկնարկին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրին բակալավրի կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը։ Ապագա ուսանողներին ներկայացվեց, որ ֆակուլտետում ուսուցումն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան քաղաքական տեսությունների, դիվանագիտության պատմության, միջազգային իրավունքի և տարածաշրջանային ուսումնասիրությունների խորացված դասընթացներ։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ կրթական ծրագրերը պարբերաբար վերանայվում են՝ ինտեգրելով արդի քաղաքական գիտության նորագույն միտումները և գլոբալ մակարդակում տեղի ունեցող փոփոխությունները:
Անդրադառնալով դասավանդման և ուսուցման մեթոդաբանությանը՝ բանախոսները նշեցին, որ ֆակուլտետում կիրառվում են ինչպես դասական ակադեմիական, այնպես էլ ինտերակտիվ և գործնական մեթոդներ։ Աշակերտները տեղեկացան, որ ուսումնառության ընթացքում իրենք հնարավորություն կունենան մասնակցելու բանակցային գործընթացների մոդելավորումներին, իրավիճակային վերլուծություններին և դերային խաղերին, որոնք նպաստում են ռազմավարական մտածողության և որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։ Շեշտադրվեց նաև օտար լեզուների տիրապետման բացառիկ կարևորությունը, քանի որ ֆակուլտետը մեծ տեղ է հատկացնում դիվանագիտական հաղորդակցությանը:
Միջոցառման առանցքային մասերից մեկը նվիրված էր մասնագիտական աշխատանքի հնարավորություններին և կարիերայի զարգացման հեռանկարներին, այն է՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները տարիներ շարունակ հաջողությամբ համալրում են ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, ծառայության են անցնում դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։ Բացի այդ՝ մանրամասնվեց, որ ստացված կրթությունը լայն հնարավորություններ է բացում նաև միջազգային հեղինակավոր կազմակերպություններում, պետական այլ գերատեսչություններում, վերլուծական կենտրոններում և հանրային կապերի ոլորտում աշխատելու համար:
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան նաև ֆակուլտետի ուսանողները: Նրանք պատրաստել էին բովանդակալից սահիկաշարեր, որոնց միջոցով աշակերտներին ավելի մատչելի և հետաքրքիր ձևով ծանոթացրին ֆակուլտետի կառուցվածքին, ուսանողական խորհրդի գործունեությանը և արտալսարանական կյանքին:
Տեսական մասից հետո ուսանողների ուղեկցությամբ ապագա դիմորդների համար կազմակերպվեց ճանաչողական շրջայց համալսարանի տարածքում: Աշակերտները եղան ֆակուլտետի լսարաններում, գրադարանում և այլ ստորաբաժանումներում՝ անմիջականորեն զգալով համալսարանական շունչն ու միջավայրը:
Հանդիպումն ընթացավ աշխույժ երկխոսության մթնոլորտում, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված ընդունելության կարգի, ուսանողական փոխանակման ծրագրերի և համալսարանական առօրյայի հետ։


