ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի «Կրոնական զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագրի և «Աստվածաբանություն» բակալավրիատի կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին մասնակցեցին գիտաճանաչողական արշավի՝ ծանոթանալով Գեղամա երկրի եկեղեցական ճարտարապետությանը, խաչքարային արվեստին, վանքերի պատմությանը։
Գիտարշավի ընթացքում ուսանողներին իրենց գիտելիքները և կազմակերպչական փորձն են փոխանցել ֆակուլտետի դասախոսներ Լուսինե Թումանյանը և Ռուզաննա Շաբոյանը։
Առաջին կանգառը Նորատուսի խաչքարադաշտն էր, որտեղ դասախոսները ուսանողներին ներկայացրին խաչքարային արվեստի առանձնահատկությունները։ Երթուղու հաջորդ հանգրվանը Մաքենյաց հռչակավոր վանքն էր, որը միջնադարում հայտնի է եղել որպես աղոթական մեծ մենաստան և գիտակրթական խոշոր կենտրոն։ Այստեղ է ութերորդ դարում Սողոմոն Մաքենացի հայտնի վարդապետը ստեղծել Ճառընտիր ժողովածուն։
Մաքենյաց վանքից հետո խումբն այցելեց Արծվանիստ գյուղի Վանեվանք, որը տեղակայված է քարայրների և գեղատեսիլ բնության գրկում։ Այս երթուղով նախատեսված վերջին պատմամշակութային հուշարձանը Մասրուց անապատն էր։
Գիտաճանաչողական արշավը նաև առիթ էր՝ նմանօրինակ ծրագրեր իրականացնելու փորձ ձեռք բերելու համար։

