ԵՊՀ-ում ծավալած երկարամյա անբասիր գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի, նվիրումի և ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի հիմնադիր, ղեկավար, պրոֆեսոր, բ.գ.դ. Շուշանիկ Պարոնյանին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհեց շնորհակալագիր, որը հանդիսավորությամբ նրան հանձնեց ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը:
Պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման և ակադեմիական առաջընթացի հարցում։ Նրա նվիրվածության, գիտական խորաթափանցության և առաջնորդական կարողությունների շնորհիվ ամբիոնը, որը հիմնադրվել է 2012 թ. սեպտեմբերին, դարձել է կրթական և գիտահետազոտական կարևոր հարթակ՝ նպաստելով միջմշակութային հաղորդակցության զարգացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Պրոֆեսորի ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ կրթական և գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպվել գիտաժողովներ, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ՝ միավորելով ոլորտի առաջատար մասնագետներին և երիտասարդ հետազոտողներին։ Նրա գործունեությունը մեծապես նպաստում է ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից գիտական մոտեցումների տարածմանը։
Վերջերս սիրով նշվեց պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանի ծննդյան 70-ամյակը։ Այս առիթով ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը, նրան պարգևատրելով ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրով, բարձր գնահատեց պրոֆեսորի երկարամյա արդյունավետ աշխատանքը, ակադեմիական նվիրվածությունը և նշանակալի ներդրումը համալսարանի և ֆակուլտետի զարգացման գործում։
ԵԼՀ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները ջերմորեն շնորհավորում են պրոֆեսոր Շ. Պարոնյանին՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր հաջողություններ և շարունակական ձեռքբերումներ գիտամանկավարժական գործունեության մեջ։

