ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում ս.թ. ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Կրթության կազմակերպում» և «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի (հեռակա ուսուցում) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը համախմբել էր Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսական համակազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև հրավիրյալ հյուրերին:
Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ն. Հարությունյանն իր ողջույնի խոսքում «Կրթության կազմակերպում» և «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտներին մաղթեց հաջողություններ՝ ընդգծելով վերոնշյալ կրթական ծրագրերի մեծ դերն ու նշանակությունը ժամանակակից կրթական համակարգի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործում։
Նա կարևորեց նաև Երևանի պետական համալսարանի և «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» հիմնադրամի շարունակական արդյունավետ համագործակցությունը:
Պրոֆեսոր Ն. Հարությունյանը վստահություն հայտնեց, որ շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքների, ձևավորած մասնագիտական հմտությունների, կառավարչական ու մանկավարժական պատրաստվածության շնորհիվ կկարողանան հաջողությամբ շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը՝ նշանակալի ներդրում ունենալով Հայաստանի կրթության համակարգի զարգացման և արդիականացման գործում։
Ելույթներով հանդես եկան «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի ղեկավար Լ. Հայրապետյանը և «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» հիմնադրամի ծրագրի ղեկավար Աննա Խաչյանը։ Նրանք բարձր գնահատեցին կրթական ծրագրերի որակը, ուսանողների պատրաստվածությունը և Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կատարած հետևողական աշխատանքը ապագա ուսուցիչ-առաջնորդների և կրթության կազմակերպիչների պատրաստման գործում։
«Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի ուսանողուհի Արմենուհի Աբրահամյանը և «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի ուսանողուհի Աննա Աղաջանյանն ընդգծեցին ուսումնառության ընթացքում ստացած որակյալ գիտելիքների և արժեքավոր փորձի կարևորությունը։ Ուսանողներն ընդգծեցին նաև, որ ստացած կրթությունը ոչ միայն տեսական գիտելիքների աղբյուր է, այլև մասնագիտական նոր մտածողության ձևավորման միջոց, ինչն առանցքային գործոն է հետագա գործունեության համար։ Նրանք առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին դասախոսական կազմին՝ նվիրական աշխատանքի, մշտական աջակցության համար։
Ելույթներին հաջորդեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի շրջանավարտների պատրաստած տեսահոլովակը՝ նվիրված ուսումնառության ընթացքին, հիշարժան պահերին և ձեռքբերումներին:








