- Main
- Node
- «Հիմնաքարային գիտելիքներով ինձ հենց ԵՊՀ-ն է ապահովել»․ ուսանող Նարե Մովսիսյան
June 02, 2026 | 14:14
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Հիմնաքարային գիտելիքներով ինձ հենց ԵՊՀ-ն է ապահովել»․ ուսանող Նարե Մովսիսյան
Նարե Մովսիսյանը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանող է: Նա «Էրազմուս+» փոխանակման ծրագրով մեկ տարի սովորել է Աալենի համալսարանում (Գերմանիա), իսկ այժմ պատրաստվում է իր պրակտիկան սկսել գերմանական ինժեներական «Carl Zeiss AG» ընկերությունում:
- Նարե՛, սովորելով ԵՊՀ-ում՝ փոխանակման ծրագրով մեկնեցիք Գերմանիա: Ինչպե՞ս ստացվեց, որ 6-ամսյա ծրագիրը երկարաձգվեց մինչև մեկ տարի, և ի՞նչ մասնագիտական ձեռքբերումներ ունեցաք այնտեղ:
- Ի սկզբանե՝ մեկնել էի 6-ամսյա ծրագրով, սակայն Գերմանիայում գտնվելու ընթացքում կրկին դիմեցի «Էրազմուս+» փոխանակման ծրագրին, և ուսումս արտերկրում տևեց 1 տարի։ Ավելին՝ կարողացա նաև այնտեղ անցնել իմ պարտադիր պրակտիկան։
Աալենի համալսարանում ուսումնասիրել եմ մասնագիտական կարևորագույն առարկաներ՝ «Մաթեմատիկական և կիրառական վիճակագրություն», «Մեքենայական ուսուցում», «Ժամանակային շարքեր», «Տվյալների վերլուծություն»։
Համալսարանի առավելություններից մեկն այն էր, որ ուսումնասիրվող առարկաների շրջանակում աշխատում էինք բազմաթիվ նախագծերի շուրջ, ինչն էլ օգնում էր գործնականում կիրառելու տեսական գիտելիքները։
- Գերմանիայում Ձեզ հաջողվել է ոչ միայն սովորել, այլև դասավանդել: Ինչպե՞ս ուսանողից վերածվեցիք դասախոսի օգնականի և ինչպե՞ս ստացաք գերմանական «Carl Zeiss AG» ընկերությունում պրակտիկա անցնելու հրավերը:
- Ուսումնառությանս արդեն 2-րդ կիսամյակում տեղի երկու դասախոսներից առաջարկ ստացա, որ անցկացնեմ իրենց ինժեներական բաժինների ընդունելության համար նախատեսված մաթեմատիկայի նախապատրաստական կուրսի դասերը, ապա նաև վարում էի բակալավրի համար նախատեսված գծային հանրահաշվի դասախոսություններին կից գործնական դասեր։ Այնուհետև համալսարանի լաբորատորիայից հնարավորություն ընձեռվեց որպես պրակտիկանտ միանալու իրենց մեքենայական ուսուցման թիմին և ԵՊՀ պարտադիր պրակտիկան անցնելու այնտեղ։ Պրակտիկայի ավարտին գերմանական ինժեներական ընկերություններից մեկից՝ «Carl Zeiss AG»-ից, որը զբաղվում է նմանատիպ գործունեությամբ, առաջարկ ստացա որպես պրակտիկանտ միանալու իրենց մեքենայական ուսուցման և հետազոտողների թիմին։ Այս պրակտիկան սկսվում է հունիսից, և դա է պատճառը, որ նորից մեկնում եմ:
- Այժմ ավարտական փուլում եք: Ինչի՞ մասին է Ձեր ավարտական աշխատանքը:
- Այո՛, այս պահին 4-րդ կուրսի ուսանող եմ և մի քանի օրից պետք է պաշտպանեմ ավարտական աշխատանքս։ Աշխատում եմ բավականին բարդ ու արդիական թեմայի շուրջ՝ մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների՝ թվային և մեքենայական ուսուցմամբ լուծման մոտարկումների վրա՝ ֆինանսական մաթեմատիկայի տարբեր խնդիրներում:
- Ի՞նչը նպաստեց, որ կրթությունը շարունակեք արտերկրում՝ բարձր առաջադիմությո՞ւնը, թե՞ այլ գործոն:
- Չեմ ժխտի՝ բարձր առաջադիմությունը կարևոր է, բայց իմ ամենամեծ մոտիվացիան հենց համալսարանական ընկերներս են եղել, որոնք ոգեշնչել են ինձ դիմել ու հավատալ սեփական ուժերին: Նշեմ, որ առանց ԵՊՀ կրթական միջավայրի ես միանշանակ չէի հասնի նրան, ինչին հասա արտերկրում:
- Երկու համալսարանների, դասախոսների մոտեցման և վերաբերմունքի մեջ ի՞նչ տարբերություններ նկատեցիք:
- Գերմանիայում դասախոսներս եղան իմ մոտիվացիայի մեծ մասը, որ մնամ ու շարունակեմ կրթությունս ևս մեկ կիսամյակ։ Նրանց կողմից իմ գիտելիքների արժևորումն ու ընձեռած հնարավորություններն անգնահատելի են։ Նրանք անընդհատ կապի մեջ են և աջակցում են հետագա պրակտիկայի հարցում։
Իսկ հիմնաքարային գիտելիքներով ինձ հենց ԵՊՀ-ն ու իմ հայաստանյան դասախոսներն են ապահովել, ինչի շնորհիվ էլ կառուցվում է իմ հաջողությունը։
- Բազմամշակութային միջավայրում սովորելիս ի՞նչ ազգերի ներկայացուցիչների հետ շփվեցիք, և որո՞նք էին այդ միջավայրի առավելություններն ու թերությունները:
- Միշտ հետաքրքրված եմ եղել տարբեր մշակույթներով, ուստի սա ինձ համար շատ ոգևորիչ շրջան էր։ Շփվել եմ եվրոպացիների (ֆրանսիացիներ, իսպանացիներ, բելգիացիներ, գերմանացիներ, ռումինացիներ, բուլղարացիներ, իտալացիներ), ինչպես նաև ճապոնացիների, կորեացիների, հարավամերիկացիների (Կոլումբիա, Արգենտինա, Էկվադոր, Պարագվայ), մեքսիկացիների և ամերիկացիների հետ։
Երբեմն լինում էին միջմշակութային շոկեր, բայց դրանք հաղթահարելի են դրական տրամադրվածության դեպքում։ Միակ թերությունն այն է, որ շատ ուսանողներ գալիս են ընդամենը 6 ամսով. այդ կարճ ժամանակում կապվում ես մարդկանց հետ, ձեռք բերում լավ ընկերներ, իսկ հետո ստիպված ես լինում կապը պահել միայն համացանցով, ինչը բավականին տխրեցնող է։
- Որո՞նք են Ձեր ապագա պլանները. որտե՞ղ և ինչպե՞ս եք կիրառելու ստացած գիտելիքները:
- Առաջնային նպատակս «Carl Zeiss AG»-ում մեքենայական ուսուցման թիմին միանալն ու հմտություններս զարգացնելն է: Իսկ դրանից հետո պլանավորում եմ Գերմանիայում դիմել մագիստրոսական ծրագրի՝ կրկին վիճակագրության և տվյալագիտության մասնագիտացմամբ: