Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում (Արզնի) կայացան ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի լողափնյա վոլեյբոլի մրցումները, որոնց մասնակցեցին Հայաստանի տարբեր բուհերը ներկայացնող ուսանողական թիմեր։
Լարված և հետաքրքիր մրցապայքարի արդյունքում տղաների մրցաշարում Երևանի պետական համալսարանի հավաքականը (թիմի անդամներ՝ Ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Վահան Կնյազյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Վանիկ Աբելյան) զբաղեցրեց պատվավոր երրորդ հորիզոնականը։ Հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը։
Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
ՀՀ ուսանողական մարզական խաղերը կարևոր հարթակ են ուսանողների մարզական ներուժի բացահայտման, առողջ ապրելակերպի խթանման և բուհական համայնքների միջև համագործակցության զարգացման համար։ Լողափնյա վոլեյբոլի մրցումներն այս տարի ևս միավորեցին ուսանող մարզիկներին՝ նպաստելով մրցակցային ոգու, թիմային աշխատանքի և սպորտային արժեքների տարածմանը։