General information
ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ) մեթոդական խորհրդի (այսուհետ՝ մեթոդական խորհուրդ) իրավասությունը, ձևավորման ու գործունեության կարգը։
2. Մեթոդական խորհուրդը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որն իրականացնում է ԵՊՀ կանոնադրությամբ, ԵՊՀ ներքին իրավական ակտերով ու սույն աշխատակարգով սահմանված գործառույթներ:
3. Սույն աշխատակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Մեթոդական խորհրդի գործառույթներն են՝
1) ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի կրթական խնդիրների իրականացման մշտադիտարկումը,
2) ԵՊՀ ակադեմիական միավորի որակի ապահովման ու մեթոդական հանձնաժողովի գործունեության մշտադիտարկումը,
3) կրթական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակումը,
4) կրթական ծրագրերի, ուսումնական պլանների քննարկումն ու դրանց վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների ներկայացումը,
5) կրթական գործընթացին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ խորհրդատվական բնույթի առաջարկությունների ու եզրակացությունների ներկայացումը,
6) դասավանդման որակի ու արդյունավետության վերաբերյալ ուսանողների և ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցումների արդյունքների մշտադիտարկումը,
7) ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացումը։
3. ՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Մեթոդական խորհրդի նախագահը ԵՊՀ ռեկտորն է։
Մեթոդական խորհրդի կազմում ընդգրկվում են ԵՊՀ ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտորը, գիտական հարցերը համակարգող պրոռեկտորը, ռազմավարական զարգացման աշխատանքները համակարգող պրոռեկտորը, ուսումնամեթոդական վարչության պետը, որակի ապահովման կենտրոնի տնօրենն ու մասնագիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Մեթոդական խորհրդի անվանական կազմը հաստատում է ռեկտորը՝ երեք տարի ժամկետով։
6. Մեթոդական խորհրդում հարցերը քննարկվում են ԵՊՀ ռեկտորի առաջարկով կամ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
7. Մեթոդական խորհուրդը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք անցկացվում են խորհրդի աշխատանքային ծրագրին համապատասխան կամ ըստ անհրաժեշտության: Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է ռեկտորը:
Ռեկտորի հանձնարարությամբ խորհրդի նիստը կարող է վարել ակադեմիական/ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը:
8. Մեթոդական խորհրդի նիստերն իրավազոր են խորհրդի անդամների երկու երրորդի ներկայության դեպքում: Խորհրդի նիստերն արձանագրվում են։
9․ ԵՊՀ վարչական աշխատողներից մեթոդական խորհրդի կազմում ընդգրկված անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով։
10. Մեթոդական խորհրդի կողմից կազմված փաստաթղթերն ու եզրակացությունները հաստատվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում մեթոդական խորհրդի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք: