Հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և գրականագետ Զապել Եսայանի հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանի պետական համալսարանում հայտարարվում է բաց մրցույթ՝ արձանի էսքիզային առաջարկներ ներկայացնելու համար։
Արձանը նախատեսվում է տեղադրել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն հետաքրքրված անհատները, խմբերը կամ կազմակերպությունները։
Ներկայացվող էսքիզային առաջարկը պետք է պարունակի արձանի նախագծային և կառուցման ընդհանուր արժեքի, կառուցման ժամանակացույցի, նյութի տեսակի, գույնի, չափերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ և նկարներ։
Մրցույթին ներկայացված հայտերը քննարկվելու և գնահատվելու են մրցութային հանձնաժողովի փակ նիստում՝ հայտերի ներկայացման ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում՝ պահպանելով մասնակիցների գաղտնիությունը։
Ներկայացված բոլոր առաջարկները (ներառյալ մրցութային հանձնաժողովի կողմից չընդունվածները) ցուցադրվելու են 7 օր՝ մրցույթի արդյունքներն ամփոփելուց առաջ, և 7 օր՝ մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո։
Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային առաջարկը հիմք է ընդունվելու արձանի կառուցման համար, իսկ հեղինակի հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր։
Մրցանակային ֆոնդը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ, որից գլխավոր մրցանակը կազմում է 500 000 ՀՀ դրամ, երկրորդ մրցանակը՝ 300 000 ՀՀ դրամ, երրորդ մրցանակը՝ 200 000 ՀՀ դրամ։
Էսքիզային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքային օրերին և ժամերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 507 սենյակ (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1)։
Արձանի էսքիզային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ հուլիսի 31-ը։