Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի ղեկավարներ, սիրելի՛ հյուրեր,
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանի պետական համալսարանում՝ միասին քննարկելու տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության զարգացման գործում։
Երևանի պետական համալսարանն իր հիմնադրման առաջին իսկ օրերից եղել է գիտելիքի, գիտության և կրթական առաջընթացի կարևոր կենտրոն։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր ԵՊՀ-ում համախմբվել են Հայաստանի մանկավարժական համայնքի ներկայացուցիչները՝ քննարկելու կրթության զարգացման նոր հնարավորությունները, կիսվելու փորձով և ձևակերպելու ապագայի կարևոր ուղենիշներ։
Այսօր կրթությունը արագ վերափոխվում է, և այդ փոփոխության առանցքում տեխնոլոգիաներն են։ Արհեստական բանականությունը, թվային ուսուցման հարթակները, ինտերակտիվ բովանդակությունն ու անհատականացված մոտեցումներն արդեն դառնում են կրթական միջավայրի բնական մաս՝ նոր հնարավորություններ ստեղծելով թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար։
Հայաստանի կրթական համակարգում ընթացող բարեփոխումների հաջողությունը մեծապես պայմանավորված է հենց ուսուցչի դերակատարությամբ։ Որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ոչ մի գործիք չի կարող փոխարինել ուսուցչի մարդկային ներկայությունը, մասնագիտական պատասխանատվությունը, ջերմությունը և ոգեշնչելու կարողությունը։ Բայց ճիշտ կիրառված տեխնոլոգիան կարող է ընդլայնել ուսուցչի հնարավորությունները, հարստացնել դասավանդման մեթոդները և ուսուցումը դարձնել ավելի հասանելի, հետաքրքիր ու արդյունավետ։
Այս համատեքստում կարևոր է նաև ճիշտ հարցադրում ձևակերպել․ ոչ թե արդյո՞ք տեխնոլոգիաները պետք է լինեն կրթության մեջ, այլ ինչպե՞ս պետք է դրանք կիրառվեն, որ ծառայեն կրթության որակին, զարգացնեն մտածողությունը, խրախուսեն ստեղծարարությունը և միաժամանակ պահպանեն ուսուցիչ-աշակերտ կենդանի կապը։ Տեխնոլոգիական նորարարությունը արժեքավոր է այն դեպքում, երբ օգնում է կրթությանը դառնալու ավելի բովանդակային, ներառական և ապագային միտված։
Այսօր ուսուցիչն էլ կանգնած է շարունակական կրթության անհրաժեշտության առաջ։ Նոր տեխնոլոգիաները և կրթական նոր միջավայրը պահանջում են մշտական զարգացում, փորձի փոխանակում և համագործակցություն։ Եվ այստեղ համալսարանները կարող են լինել ուսուցչի գործընկերը գիտելիքի, հետազոտության և նորարարական մոտեցումների փոխանցման ու կիրառման գործում։
Համալսարանի համար հատկապես կարևոր է դպրոց-բուհ կապի ամրապնդումը։ Այսօրվա աշակերտը վաղվա ուսանողն է, հետազոտողը, մասնագետը և քաղաքացին։ Իսկ այդ ճանապարհի ամենակարևոր ուղեկիցներից մեկը ուսուցիչն է։ Ձեր աշխատանքով է ձևավորվում ոչ միայն գիտելիք ունեցող, այլև մտածող, հարցադրող, ստեղծագործող և պատասխանատու սերունդը։
Հուսով եմ՝ այսօրվա համաժողովը կլինի ոչ միայն փորձի փոխանակման, այլև նոր գաղափարների, համագործակցությունների և ոգեշնչման հարթակ։ Ձեր յուրաքանչյուր ջանք, յուրաքանչյուր նոր մոտեցում և յուրաքանչյուր հաջողված դաս ներդրում է Հայաստանի ապագայի մեջ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այս կարևոր նախաձեռնությունը շարունակական դարձնելու, ուսուցիչների աշխատանքը արժևորելու և կրթության ոլորտի զարգացմանը հետևողական ուշադրություն դարձնելու համար։ Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, բովանդակալից քննարկումներ և նոր գաղափարներով լի հանդիպումներ։