ԵՊՀ ուսանողական խորհրդի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ծրագրային հեքեթոն-2025»-ը։

Ընթացիկ տարվա մայիսի 31-ին կայացած միջոցառմանը մասնակիցներին սպասվում էր իրական ինովացիոն մարտահրավեր. թիմերը 24 ժամվա ընթացքում պետք է մշակեին համալսարանական հիմնախնդիրների լուծմանը միտված բարեփոխման ծրագրեր։
Հեքեթոնի մեկնարկը նշանավորվեց թիմերի ելույթ-ներկայացումներով: Հետայդու փոխադարձ հետաքրքրության հիմքով յուրաքանչյուր թիմի համար ընտրվեց մենթոր։
Թիմերը ներգրավվեցին ուսուցողական ու վերլուծական փուլերում՝ մասնակցելով հետևյալ թեմաներով դասընթաց-քննարկումների․
ԵՊՀ կառավարումն ու կառուցվածքը,
Միջազգային համալսարանների կառուցվածքային առանձնահատկությունները։

Դրանից հետո թիմերն անցան բրեյնսթորմինգի փուլին: Վերջիններս միջազգային փորձի հենքով վերլուծեցին ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունները՝ մշակելով կառույցի արդյունավետ բարելավմանն ուղղված իրենց տեսլականը:
Հեքեթոնի հաջորդ հատվածում թիմերը, ի մի բերելով իրենց աշխատանքները, հանդես եկան ավարտուն, կառուցվածքային ծրագիր-առաջարկներով։
Առջևում մրցութային 2-րդ փուլն է, որի ընթացքում մասնակիցները փորձագիտական հանձնաժողովի դատին կհանձնեն իրենց ծրագրային առաջարկները:
Ծրագիր-առաջարկներից լավագույնը, հաղթող ճանաչվելուց զատ, իրագործման հնարավորություն կստանա Երևանի պետական համալսարանում։
Այս նախագիծը ոչ միայն գաղափարների մրցույթ է, այլև սկզբունքային ազդակ՝ ձևավորելու մի համալսարան, որտեղ ուսանողը շարժիչ ուժ է համալսարանական բարեփոխումների կայուն ճանապարհին։