1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը սահմանում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ ԵՊՀ) աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները:
1.2. ԵՊՀ աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով և չափերով:
1.3. Սույն կարգով սահմանված լրավճարներ ստանալու համար պահանջվող տվյալները դիտավորյալ կեղծելու դեպքում, տվյալ աշխատողը զրկվում է սույն կարգի համաձայն լրավճար ստանալու իրավունքից՝ 3 տարի ժամկետով:
2. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. ԵՊՀ աշխատողներին գիտահետազոտական գործունեության որոշ տեսակների կատարման համար վճարվում են լրավճարներ՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
2.2. Աղյուսակ 1-ի 1-9-րդ կետերով սահմանված գումարները վճարվում են ԵՊՀ այն աշխատողին, ով տպագրված հոդվածում որպես իր աշխատավայր նշել է ԵՊՀ-ն և հնարավորության դեպքում նաև ysu.am համացանցային տիրույթում գրանցված իր էլեկտրոնային փոստի հասցեն:
2.3. Աղյուսակ 1-ի 1-3-րդ կետերով սահմանված գումարները հումանիտար և hասարակագիտական ամսագրերի դեպքում հաշվարկվում են 20% ավելին (1․2 գործակցով)։
2.4. Աղյուսակ 1-ի 5-6-րդ կետերով սահմանված գումարները այն պարբերականների դեպքում, որոնց խմբագրական խորհուրդներն ունեն առնվազն 50 տոկոս արտասահմանյան անդամ, հրատարակվում են անգլերեն լեզվով և հրատարակչական գործընթացը կազմակերպված է ամբողջապես էլեկտրոնային ձևաչափով հաշվարկվում են 20% ավելին (1․2 գործակցով)։
2.5. Աղյուսակ 1-ի 1-7-րդ կետերով սահմանված գումարները վճարվում են հեղինակի կողմից նույն ամսագրում հրապարակած առավելագույնը երկու աշխատանքի համար:
2.6. Եթե հոդվածի հեղինակը որպես իր աշխատավայր նշել է մեկից ավելի կազմակերպություններ, ապա նրան վճարվում է հասանելիք գումարի կեսը:
2.7. Մի քանի կետերի համապատասխանող աշխատանքի համար հեղինակին վճարվում է գումարի առավելագույն չափ սահմանող կետով:
2.8. Աղյուսակ 1-ի 11-12-րդ կետերով սահմանված գումարները վճարվում են միայն ԵՊՀ հիմնական աշխատողներին:
2.9. Աղյուսակ 1-ում սահմանված աշխատանքների կատարման համար, ԵՊՀ աշխատողին վճարվող լրավճարի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել 1800000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամը:
2.10. Աղյուսակ 1-ի 1-10-րդ կետերով սահմանված աշխատանքների համար լրավճարները վճարվում են ըստ եռամսյակների։ ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում, հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի համապատասխանության մեջ, կազմում և ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ աշխատողներին լրավճար տրամադրելու մասին հրամանի նախագիծը:
2.11. Աշխատանքների մասին տեղեկությունները պետք է մուտքագրվեն ԵՊՀ աշխատողների հաշվետվությունների էլեկտրոնային շտեմարան (intranet.ysu.am)։ Ընթացիկ տարվա աշխատանքները պետք է մուտքագրել ԵՊՀ աշխատողների հաշվետվությունների էլեկտրոնային շտեմարան (intranet.ysu.am) ոչ ուշ քան հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը։ 12-րդ կետով սահմանված աշխատանքների համար՝ պահանջվող փաստաթղթերը վերը նշված սկզբունքով առձեռն պետք է ներկայացվեն ԵՊՀ գիտական քաղաքականության վարչություն:
2.12. Աղյուսակ 1-ի 11-12-րդ կետով սահմանված աշխատանքները հաշվառելու համար ԵՊՀ հիմնական աշխատողը ԵՊՀ գիտական քաղաքականության վարչություն է ներկայացնում դիպլոմի կամ վկայականի պատճենը:
2.13. ԵՊՀ աշխատողները իրենց գիտական աշխատանքների մասին ամբողջական տեղեկատվությունը պետք է մուտքագրեն ԵՊՀ աշխատողների հաշվետվությունների էլեկտրոնային շտեմարան (intranet.ysu.am)։
3. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. ԵՊՀ աշխատողներին ուսումնամեթոդական գործունեության որոշ տեսակների կատարման համար վճարվում են լրավճարներ՝ համաձայն Աղյուսակ 2-ի:
3.2. Աղյուսակ 2-ի 1-ին կետով սահմանված աշխատանքի կատարման համար հատկացվող լրավճարը վճարվում է, եթե այդ աշխատանքը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը մուտքագրվել է ԵՊՀ աշխատողների հաշվետվությունների էլեկտրոնային շտեմարանում (intranet.ysu.am):
3.3. Աղյուսակ 2-ի 2-7-րդ կետերով սահմանված աշխատանքները հաշվառելու համար աշխատողը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտորին է ներկայացնում կատարված աշխատանքների վերաբերյալ ֆակուլտետի դեկանի զեկուցագիրը՝ կցելով համապատասխան հիմքերը: Աղյուսակ 2-ի 4-6-րդ կետերի հավաստման հիմք են հանդիսանում մասնակիցների մրցանակների մասին հիմնավորող փաստաթղթերը: Աղյուսակ 2-ի 6-րդ կետով սահմանված աշխատանքի համար ֆակուլտետը կարող է ներկայացնել առավելագույնը մեկ առարկայից կատարված աշխատանք:
3.4. Աղյուսակ 2-ի բոլոր կետերով սահմանված գումարները վճարվում են միայն ԵՊՀ հիմնական աշխատողներին:
3.5. Աղյուսակ 2-ում սահմանված աշխատանքների կատարման համար, ԵՊՀ աշխատողին վճարվող լրավճարի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամը:
3.6. ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը հավաստիանալով ներկայացված փաստա-թղթերի համապատասխանության մեջ կազմում և ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ աշխատողներին լրավճար տրամադրելու մասին հրամանի նախագիծը:
3.7. Աղյուսակ 2-ում սահմանված աշխատանքների կատարման համար ԵՊՀ աշխատողին լրավճարը վճարվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում:
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Ուսանողների հարցման արդյունքներով ԵՊՀ դասախոսներին անցկացվող մրցույթի արդյունքներով վճարվում է լրավճար՝ համաձայն 4.2.-4.4.-րդ կետերով սահմանված կարգի:
4.2. Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակ ուսանողների հարցման արդյունքներով մրցույթն անցկացվում է նախորդ ուսումնական կիսամյակի արդյունքների հիման վրա: Մրցույթին մասնակցում է միայն այն դասախոսը, ում գնահատել է առնվազն 25 ուսանող:
4.3. ԵՊՀ-ում ուսանողների հարցման արդյունքներով կազմակերպվող մրցույթի մասնակից դասախոսները բաժանվում են երեք ենթախմբի.
ա) Առաջին ենթախմբում անցկացվող մրցույթին մասնակցում է այն դասախոսը, ում դիտարկվող ուսումնական կիսամյակում գնահատել է 25-50 ուսանող: Այս ենթախմբում մրցույթին մասնակցած և առավելագույն միավորներ ունեցող 30 դասախոսների (գումարած կիսանցողիկ միավորներ ունեցող դասախոսների թիվը) վճարվում է լրավճար՝ նրանց մեկ ամսվա դասախոսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
բ) Երկրորդ ենթախմբում անցկացվող մրցույթին մասնակցում է այն դասախոսը, ում դիտարկվող ուսումնական կիսամյակում գնահատել է 51-100 ուսանող: Այս ենթախմբում մրցույթին մասնակցած և առավելագույն միավորներ ունեցող 25 դասախոսների (գումարած կիսանցողիկ միավորներ ունեցող դասախոսների թիվը) վճարվում է լրավճար՝ նրանց մեկ ամսվա դասախոսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:
գ) Երրորդ ենթախմբում անցկացվող մրցույթին մասնակցում է այն դասախոսը, ում դիտարկվող ուսումնական կիսամյակում գնահատել է 101 և ավելի թվով ուսանող: Այս ենթախմբում մրցույթին մասնակցած և առավելագույն միավորներ ունեցող 15 դասախոսների (գումարած կիսանցողիկ միավորներ ունեցող դասախոսների թիվը) վճարվում է լրավճար՝ նրանց մեկ ամսվա դասախոսական աշխատավարձի 70 տոկոսի չափով:
Եթե սույն կետի «ա», «բ», «գ» ենթակետերի կիրառման արդյունքում ֆակուլտետի որևէ դասախոս չի ընդգրկվում լրավճար ստացողների ցանկում, ապա տվյալ ֆակուլտետում առնվազն 25 ուսանողի կողմից գնահատված և առավելագույն միավոր ունեցող մեկ դասախոսի վճարվում է լրավճար՝ նրա մեկ ամսվա դասախոսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
4.4. Ուսանողների հարցման արդյունքում լավագույն ճանաչված համահամալսարանական ամբիոնի մեկ դասախոսի (գումարած կիսանցողիկ միավորներ ունեցող դասախոսների թիվը) վճարվում է լրավճար՝ նրա մեկ ամսվա դասախոսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:
4.5. ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը ամփոփում է ուսանողների հարցման արդյունքներով անցկացված մրցույթը և ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ԵՊՀ աշխատողներին լրավճար տրամադրելու մասին հրամանի նախագիծը:
4.6. Ուսանողների հարցման արդյունքներով ԵՊՀ աշխատողին լրավճարը վճարվում է յուրաքանչյուր տարվա հունիս և դեկտեմբեր ամիսներին: