ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կայացավ Չեխիայի Հարավային Բոհեմիայի համալսարանի դասախոս, դոկտոր Վոյտեխ Բլաժեկի մասնագիտական դասախոսությունը՝ «ArcGIS-ը՝ որպես հիմնարար գործիք Հարավային Բոհեմիայի համալսարանի աշխարհագրագետների համար. միտումներ և մոտեցումներ» թեմայով։
Ս.թ. ապրիլի 29-ին տեղի ունեցած դասախոսության ընթացքում դոկտոր Բլաժեկը ներկայացրեց իրենց համալսարանի փորձը գեոտեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում՝ մասնավորապես ուսումնական գործընթացում «ArcGIS» հարթակի ներգրավմամբ։ Նա ներկայացրեց ուսուցման իրական դեպքեր, համագործակցության օրինակներ հանրակրթական դպրոցների և տեղական կառույցների հետ՝ ցույց տալով, թե ինչպես են գեոտեղեկատվական տեխնոլոգիաները կիրառվում տարբեր կրթական մակարդակներում։
Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին ուսումնական գործընթացում ավանդական և թվային մեթոդների համադրման մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև տեխնիկական և իրավական բաղադրիչները։ Միջոցառմանը մասնակցում էին ինչպես բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Նմանօրինակ միջազգային այցերը նպաստում են կրթական փորձի փոխանակմանը, գեոտեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու միջազգային համագործակցության խորացմանը։