ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հայոց ազգային բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ առանձնակի կարևորությամբ ընդգծվեց նահատակ զինծառայողների հիշատակը։ Հարգանքի տուրք մատուցվեց նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անվտանգության և ապագայի։
Միջոցառումների ընթացքում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս Ալեքսան Սիմոնյանի անվան լսարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը։ Նրա հիշատակը շարունակում է ապրել կուրսընկերների, դասախոսների և հարազատների սրտերում։
2007 թվականի ֆակուլտետի երկրաբան շրջանավարտների նախաձեռնությամբ և միջոցներով վերանորոգվել է Ալեքսան Սիմոնյանի անվան թիվ 324 լսարանը։ Այն կահավորվել է Երևանի պետական համալսարանի միջոցներով՝ վերածվելով ոչ միայն ուսումնական տարածքի, այլև հիշողության և արժեքների պահպանման խորհրդանիշի։
Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, կուրսընկերները, դասախոսները և ֆակուլտետի ներկայացուցիչները։ Նրանք շրջայց կատարեցին ֆակուլտետում և ևս մեկ անգամ վերահաստատեցին հիշողության և երախտագիտության կարևորությունը։
Օրվա խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բանակը միայն սպառազինություն չէ, այլ առաջին հերթին մարդիկ՝ իրենց անուններով, պատմություններով և արժեքներով։









