ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, վարչարարության մասնագետ, բ.գ.թ. Աիդա Անաստասյանը, միջազգային համագործակցության վարչության առաջատար մասնագետ Լիա Էվոյանը և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը մասնակցեցին «Erasmus+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Իսլանդիայում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
ԵՊՀ ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Իսլանդիայի համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Միջազգային գրասենյակի պատասխանատու Բրինյար Տոր Էլվարսոնը ներկայացրեց համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը և ուսանողների շարժունության կազմակերպման փորձը։ Ուսանողական ծառայությունների նախագծի ղեկավար Էլին Յոհանսդոթրը հանգամանորեն ներկայացրեց ուսանողական և դասախոսական աջակցման ծառայությունների աշխատանքը, իսկ հաղորդակցության և վեբ կայքէջերի մենեջեր Բյորն Գիսլասոնը՝ մարքեթինգի և հաղորդակցության բաժնի գործունեությունը, համալսարանի թվային ներկայության ռազմավարությունը։
Անցկացվեց խորհրդատվություն ֆակուլտետների ներքին գործունեության, համագործակցության և ակադեմիական նախագծերի վերաբերյալ Բիրտայի, Եվա Մարինի և պրոֆեսոր Բալդուր Տորհալսոնի մասնակցությամբ։ Նրանք ներկայացրին իրենց փորձն ու մոտեցումները կրթական գործընթացների և միջազգային նախագծերի արդյունավետ կառավարման հարցերում։
Այցը հնարավորություն ընձեռեց ԵՊՀ ներկայացուցիչներին ծանոթանալու գործընկեր համալսարանի կառավարման լավագույն փորձին և ռազմավարական մոտեցումներին, որոնք կարող են կիրառվել ԵՊՀ միջազգային համագործակցության և կառավարման գործընթացների զարգացման համար։ Ընթացիկ ձեռքբերումները միտված են նաև առաջիկա համագործակցային ծրագրերի ընդլայնմանը, կրթական և գիտահետազոտական նոր նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների համար միջազգային շարժունության և փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը։