ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ուսանողական կյանքը հագեցած է, ստեղծագործական և հետաքրքիր։ Գարնանային կիսամյակի ընթացքում ֆակուլտետում կազմակերպվել է մշակութային, ինտելեկտուալ և կրթական միջոցառումների շարք՝ միավորելով ուսանողներին ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի և կենդանի շփման շուրջ։
Միջոցառումներ
Գիրք նվիրելու օր․ գրքի և ընթերցանության տոն
Փետրվարի 19-ին ֆակուլտետում նշվեց Գիրք նվիրելու օրը։ Ուսանողները կազմակերպեցին թեմատիկ վիկտորինա՝ նվիրված գրքերին, գրականությանը և ընթերցանությանը։ Հաղթողները ստացան գրքեր, իսկ մյուս մասնակիցները՝ հուշանվերներ և խրախուսական մրցանակներ։ Միջոցառումն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ գիրքն այսօր էլ ամենաարժեքավոր նվերներից է: Ուսանողներն ակտիվ քննարկեցին իրենց սիրելի ստեղծագործությունները՝ ներկայացնելով ժամանակակից գրականությունից ստացած իրենց տպավորությունները։
«Киномания»․ ճանապարհորդություն կինոյի աշխարհ
Ուսանողական կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը դարձավ «Киномания» միջոցառումը, որը համախմբեց կինոյի և ստեղծագործության սիրահարներին։ Մասնակիցներն ընկղմվեցին հայտնի ֆիլմերի աշխարհում, հիշեցին հերոսներին, գուշակեցին ֆիլմերը՝ կատարելով ստեղծագործական առաջադրանքներ։
Միջոցառումը հնարավորություն տվեց ուսանողներին ոչ միայն ցուցադրելու իրենց գիտելիքներն ու ստեղծագործական մոտեցումները, այլև ժամանակ անցկացնելու անկաշկանդ և ոգեշնչող մթնոլորտում։ Մասնակիցների խոսքով՝ «Киномания»-ն դարձավ լավ տրամադրության և թիմային ոգու իրական տոն։
«Словомания»․ խաղ բառի և լեզվի հետ
Ֆակուլտետում անցկացվել է ևս մեկ ինտելեկտուալ-ժամանցային միջոցառում՝ «Словомания»-ն։ Ուսանողները մասնակցեցին լեզվական մրցույթների, խաղերի և առաջադրանքների՝ կապված ռուսաց լեզվի և խոսքի մշակույթի հետ։
Միջոցառումն օգնեց մասնակիցներին նորովի բացահայտելու լեզվի հնարավորությունները, մասնավորապես այն, որ բառը կարող է լինել ոչ միայն ուսումնասիրման առարկա, այլև ստեղծագործության, խաղի և հաղորդակցության տարածք։ Մրցույթներն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, ծիծաղով և ընկերական մրցակցությամբ։
«Масленица». ջերմության և ավանդույթների մթնոլորտ
Ուսանողական կյանքի առանձնահատուկ իրադարձություններից էր Մասլենիցայի տոնակատարությունը՝ հագեցած ժողովրդական տոնի մթնոլորտով, բլիթների բույրով, երաժշտությամբ և անկեղծ ժպիտներով։ Մասլենիցան դարձավ ոչ միայն ձմռանը հրաժեշտ տալու խորհրդանիշ, այլև միասնականության և լավ տրամադրության տոն։ Տոնակատարությանը միացել էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները:
Ուսանողները հանդես եկան թեմատիկ ելույթներով, խաղերով և մրցույթներով, իսկ մասնակիցները՝ բարեմաղթանքներով:
Սեմինարներ
«Современная русская культура: отличие культур раньше и сейчас» թեմայով սեմինար-քննարկում
Մասնակիցները քննարկեցին մշակութային միջավայրի փոփոխությունները, ժամանակակից միտումները և ռուսական մշակույթի ընկալման առանձնահատկությունները երիտասարդության շրջանում։ Սեմինարը դարձավ կարծիքների փոխանակման, նոր գաղափարների և մշակույթի ու միջմշակութային հաղորդակցության արդիական հարցերի քննարկման հարթակ։
«Русская национальная одежда» սեմինար
Մեծ հետաքրքրություն առաջացրած սեմինարին ուսանողները ծանոթացան ռուսական ավանդական տարազի առանձնահատկություններին, դրա խորհրդանիշներին և պատմական նշանակությանը։ Միջոցառումն ուղեկցվում էր շնորհանդեսներով և ռուս ժողովրդի մշակութային ժառանգության մասին պատմություններով։
Սպորտային «Ալիաս»․ գիտելիքներ, հույզեր և թիմային ոգի
Ընթացիկ ուտարվա ապրիլի 21-ին ֆակուլտետում անցկացվեց սպորտային թեմատիկայով «Ալիաս» խաղը։ Ինտելեկտուալ մրցույթին մասնակցեցին «Քվիդիչ» և «Բարսելոնա» թիմերը։ Խաղն անցավ լարված և հուզական մթնոլորտում։ Մասնակիցները ցուցադրեցին ոչ միայն սպորտի ոլորտում ունեցած գիտելիքները, այլև արագ արձագանքելու, թիմում աշխատելու և միմյանց աջակցելու կարողությունները։ Խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց «Բարսելոնա» թիմը։
Կազմակերպիչները բարձր գնահատեցին ուսանողների ակտիվությունն ու ընդգծեցին, որ նման միջոցառումները նպաստում են ֆակուլտետում ընկերական, բաց և միասնական մթնոլորտի ձևավորմանը։ Ինտելեկտուալ խաղերը, մշակութային հանդիպումները, քննարկումներն ու տոնական միջոցառումները օգնում են ուսանողներին բացահայտելու իրենց կարողությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները և ամրապնդելու ընկերական կապերը՝ ուսանողական տարիները դարձնելով վառ և անմոռանալի։
Անցկացված միջոցառումները ևս մեկ անգամ փաստեցին, որ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն ապահովում է ոչ միայն ակադեմիական կրթության, այլև կենդանի միջմշակութային շփման և ուսանողների ստեղծագործական զարգացման միջավայր։
















