Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի՝ ընթացիկ ուսումնական տարվա վերջին նիստում ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան շնորհակալագիր հանձնեց մագիստրատուրայի շրջանավարտ, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Հովհաննիսյանին:
Ֆակուլտետում ուսումնառության հինգ տարիների ընթացքում Անի Հովհաննիսյանը նշանակալի ներդրում է ունեցել ուսանողական կյանքի ակտիվացման, ինչպես նաև բազմաթիվ կրթական, մշակութային և հասարակական նախաձեռնությունների իրականացման գործում։ Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են տասնյակ միջոցառումներ ինչպես համալսարանում, այնպես էլ համալսարանից դուրս։ Վերջին տարիներին նա մեծապես ներգրավված է եղել մասնագիտական կողմնորոշման ծրագրերում՝ ակտիվ մասնակցելով Երևանի և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի դպրոցականների հետ կազմակերպված հանդիպումներին, որոնց ընթացքում ապագա դիմորդներին ծանոթացրել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կրթական հնարավորություններին։ Այս ծրագրերի շրջանակում Անի Հովհաննիսյանը մշակել և անցկացրել է ինտերակտիվ դասեր, վիկտորինաներ և կազմակերպել միջոցառումներ՝ նպաստելով ռուսաց լեզվի և բանասիրական կրթության հանրահռչակմանը։
Շնորհակալության և բարձր գնահատանքի խոսքեր հնչեցրին նաև ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները: Վերջիններս առանձնապես ընդգծեցին Ա. Հովհաննիսյանի պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը, կազմակերպչական կարողություններն ու հավատարմությունը ֆակուլտետային ավանդույթներին և մաղթեցին մասնագիտական նոր հաջողություններ, ձեռքբերումներ, անսպառ ոգեշնչում, ինչպես նաև բազմաթիվ հաղթանակներ հետագա գործունեության ընթացքում։
Ռուս բանասիրության ֆակուլտետի անձնակազմը բարձր է գնահատում Անի Հովհաննիսյանի հասարակական ակտիվ դիրքորոշումը, ստեղծագործական մոտեցումը և ֆակուլտետի կրթական, ուսանողական կյանքին ցուցաբերած նվիրումը։