
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպվեց ուսանողական դատախաղ-մրցույթ՝ դատական երաշխիքների վարույթով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ս.թ. մայիսի 19-ին կազմակերպված դատախաղ-մրցույթի նպատակն էր ստեղծել համապատասխան հարթակ, որը կնպաստեր ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, քննադատական մտածողության բարելավմանը, դատավարության ընթացքի խորացված ըմբռնմանը և մասնագիտական հաղորդակցման միջոցների կատարելագործմանը։
Դատախաղը՝ որպես գործնական հարթակ, ապագա իրավաբաններին հնարավորություն տվեց կիրառելու իրենց տեսական գիտելիքներն իրական դատավարական պայմաններին հնարավորինս համապատասխանեցված միջավայրում։
Մրցույթին մասնակցեցին Իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի առաջին և երկրորդ հոսքերի թիմերը։

Պաշտպանական կողմը ներկայացնում էին երկրորդ հոսքի ուսանողներ Արամե Սարգսյանը, Գայանե Սահակյանը, Էլեն Չախոյանը, Վահե Մհերյանը և Անի Չիլինգարյանը, իսկ մեղադրական կողմում հանդես եկան առաջին հոսքի ուսանողներ Դիանա Սիմոնյանը, Մարի Շալունցը, Լիլիթ Վանեսյանը, Լիանա Սաղոյանը և Համլետ Բաբայանը։
Դատական նիստի ընթացքը հնարավորինս համապատասխանեցված էր իրական դատավարությանը, ինչը նպաստեց ուսանողների մասնագիտական ներգրավվածությանը։ Նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, որն իր ներկայությամբ և մասնագիտական փորձով ավելի բարձրացրեց միջոցառման որակը և կարևորությունը։
Հանդիսավոր մթնոլորտում անցկացվող դատախաղի ավարտին ժյուրին կատարեց թիմերի աշխատանքի վերլուծություն՝ տալով ինչպես մասնագիտական խորհուրդներ, այնպես էլ թիմերի պատրաստվածության, փաստարկման, խոսքի կառուցվածքի և իրավական հիմնավորումների վերաբերյալ գնահատականներ։

Մրցույթում հաղթող ճանաչվեց պաշտպանության կողմը ներկայացնող թիմը, որը ցուցաբերեց բարձր մակարդակի պատրաստվածություն, թիմային հստակ աշխատանք, իրավական հիմնավորումների արդյունավետ կառուցում և դատավարական էթիկայի պահպանում։
Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով՝ ի նշան ակտիվ մասնակցության, աշխատասիրության և ցուցաբերած գիտելիքների։
Միջոցառման ընթացքում ստեղծված գիտական և արհեստավարժ միջավայրը նպաստեց ոչ միայն գիտելիքների վերանայմանը, այլև դրանց գործնական կիրառմանը։
Նմանօրինակ ձևաչափով անցկացվող դատախաղերը մեծապես նպաստում են իրավաբանի մասնագիտությունն ընտրած երիտասարդների գործնական հմտությունների խորացման ընթացքին և մասնագիտական ինքնաճանաչմանը։