ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նիստերի դահլիճում կայացավ դատախաղ-մրցույթ, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում՝ ԵՊՀ ընդունվողների և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և գործընկեր ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։

Ընթացիկ տարվա հունիսի 24-ին տեղի ունեցած դատախաղ-մրցույթին այս անգամ մասնակցեցին հանրապետական հինգ ավագ դպրոցների աշակերտներ, որոնք հանդես եկան որպես դատավարության կողմեր՝ մեղադրյալներ, պաշտպաններ, հանրային մեղադրողներ ու վկաներ: Մրցույթին մասնակցել են Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139, Երևանի Ս. Գևորգյանի անվան թիվ 189, Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցների, Հայ-չինական բարեկամության դպրոցի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր»-ի աշակերտները և ուսուցիչները:
Դատախաղին նախապատրաստվելու համար դպրոցականների հետ նախապես աշխատել են ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներ Անի Աբրահամյանը, Կարեն Բալայանը, Սոսե Ստեփանյանը և Միլենա Աղասյանը՝ անցկացնելով թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում աշակերտներին ներկայացվել են դատավարական հիմնական սկզբունքները և փոխանցել մի շարք գործնական հմտություններ։

Դատախաղին ներկայացված դատական գործը մշակվել է իրական քրեական վարույթի հիման վրա, ինչը հավելյալ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում, նպաստել է անչափահասների իրավագիտակցության բարձրացմանը և արդարադատության համակարգի նկատմամբ վստահության խթանմանը:
Դատախաղը հնարավորություն է տվել աշակերտներին ձեռք բերելու իրավունքի վերաբերյալ խոր գիտելիքներ, կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնական միջավայրում, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Դատախաղում որպես դատավոր հանդես եկավ իրավաբանական կլինիկայի շրջանավարտ, փաստաբան Շուշան Հարությունյանը։ Իր եզրափակիչ խոսքում նա բարձր գնահատեց ուսանողների և աշակերտների պատրաստվածությունը, մասնագիտական մոտեցումը և ներկայացրեց գործի ելքի իրավական գնահատականը։

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ գործընկերներին ու դպրոցների ուսուցչական կազմին՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը։ Նա նաև արժևորեց կլինիկայի ուսանողների և դպրոցականների ներգրավվածությունն ու ոգևորությունը՝ շեշտելով, որ նախաձեռնությունն ուղղված էր ոչ միայն իրավական կրթության խթանմանը, այլև աշակերտների բանավոր խոսքի, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
Միջոցառման կազմակերպիչները վստահություն հայտնեցին, որ այս նախաձեռնությունը կունենա շարունակություն՝ դառնալով դպրոցականների իրավական մտածողության ձևավորման և մասնագիտական աճի խթանման հարթակ։