ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կազմակերպել էին «Տվյալների պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոց:

Հունիսի 23-25-ը տեղի ունեցած ամառային դպրոցին մասնակցել են 34 ուսանող ՀՀ տարբեր բուհերից (Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան):
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Ամառային դպրոցը ներառել է տվյալների պաշտպանության արդի հիմնախնդիրներին նվիրված մի քանի թեմաներ (ինչպես ՀՀ ներպետական, այնպես էլ միջազգային իրավական և այլ պետությունների վերաբերելի իրավակարգավորումներ և պրակտիկ գործեր)։

ՀՀ-ում տվյալների պաշտպանության արդի հիմնախնդիրների և զարգացման միտումների քրեաիրավական հայեցակետերը ներկայացրել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Աննա Մարգարյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Գևորգ Բարսեղյանը։
Տվյալների պաշտպանության միջազգային, եվրոպական և սահամանադրաիրավական հայեցակետերը հանգամանալից ներկայացրել է Մյունխենի տնտեսագիտության և կառավարման մասնագիտացված համալսարանի Միջազգային և եվրոպական տնտեսական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, փաստաբան Մարկուս Հելֆրիխը։
Պրոֆեսոր Մարկուս Հելֆրիխը քննարկման առարկա է դարձրել ՝

Տվյալները՝ որպես հատուկ պաշտպանության առարկա,
Տվյալների պաշտպանության խախտումների համար նախատեսված ներգործության միջոցներ (վարչական պատասխանատվություն, քրեական պատասխանատվություն),
Տվյալների պաշտպանությունը վիրտուալ տիրույթում, համացանցում և այլն:
Մասնակից ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր տալու և ստանալու դրանց պատասխանները։
Ամառային դպրոցի ավարտին մասնակից ուսանողներին հանձնվել են մասնակցությունը փաստող հավաստագրեր։