
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան տարիներ շարունակ իրականացնում է «Իրավունք բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը՝ դպրոցական տարիքի երեխաներին մատչելի և հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով իրավունքը։
Ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է՝ ընդգրկելով ավելի մեծ թվով դպրոցականների, որոնք հնարավորություն են ստանում ծանոթանալու սեփական իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև պետական ու իրավական համակարգին։
Ծրագրի շրջանակում իրավաբանական կլինիկայի ուսանողները հաճախում են դպրոցներ՝ իրավունքի տարբեր թեմաներով դասախոսություններ կարդալով և ներկայացվող թեմաները ավելի մատչելի դարձնելով աշակերտների համար։ Բացի դրանից՝ լինում են դեպքեր, երբ աշակերտներն ու նրանց ուսուցիչներն են այցելում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ տեղում ծանոթանալու համալսարանական միջավայրին և մասնակցելու իրավական դասընթացներին ու ինտերակտիվ քննարկումներին։
2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Իրավաբանական կլինիկայի ուսանողները անցկացրել են ավելի քան 30 դասախոսություն ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
«Իրավունք բոլորի համար» ծրագիրը վառ օրինակ է, թե ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ իրավագիտակցության զարգացման գործընթացում՝ սկսելով հենց դպրոցից։