ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով («Դիմում-հայտի լրացում» բաժին):
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ 2470101276000001 հաշվեհամարին)։
*2026 թ. ՀՀ այլ բուհերի շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին տեղեկանք և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված տվյալ բուհի ռեկտորի կողմից:
* Հանձնաժողովն իրավասու է դիմորդից պահանջելու «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տրամադրվող խորհրդատվական տեղեկանք:
* Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 1-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 17-ը ներառյալ (վճարումն անհրաժեշտ է կատարել բացառապես բանկային փոխանցման միջոցով: Ուսման վարձավճարի վճարման անդորրագրի վավերապայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով):
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 25-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 29 ներառյալ (հաշվեհամար՝ 2470100009060000):
Ընդունելության քննության հարցաշար
Ընդունելության քննությունը` գրավոր:
- Անվանական և իրական ՀՆԱ: Գների ինդեքսները, դրանց տեսակները
- Աշխատանքի պահանջարկ և առաջարկ. ֆունկցիաները
- Աշխատանքի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում
- Ամբողջական առաջարկի ֆունկցիան. դասական և քեյնսյան մեկնաբանությունները
- Ամբողջական պահանջարկի ֆունկցիան
- Սպառման, խնայողությունների և տոկոսադրույքի փոխառնչությունները
- Խնայողությունների, ներդրումների և ընթացիկ հաշվի ֆորմալ վերլուծությունը: Ընթացիկ հաշիվը և միջազգային առևտուրը: Առևտրային հաշվեկշիռ
- Փողի տեսակները և ֆունկցիաները: Փողի առաջարկը: Փողի բազա և զանգված
- Դեպոզիտային, վարկային և փողի մուլտիպլիկատորներ
- Փողի գործառնական և սպեկուլյատիվ պահանջարկը: Բաումոլ-Թոբինի մոդելը
- Փողի զանգվածի, փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Փողի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում: LM կորը, դրա հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
- Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում. Քեյնսյան խաչը: Բազմարկիչ
- Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում. IS կորը, դրա հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
- IS-LM մոդելը: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները IS-LM մոդելում
- IS-LM մոդելը և ամբողջական պահանջարկի կորը
- Մանդել-Ֆլեմինգի մոդելը լողացող փոխանակային կուրսի դեպքում
- Մանդել-Ֆլեմինգի մոդելը հաստատագրված փոխանակային կուրսի դեպքում
- Փոխանակային կուրսերը և գնողունակության համարժեքությունը: Միջազգային տոկոսային արբիտրաժ
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները:
- Ֆիլիպսի կորը և դրա մոնետարիստական մեկնաբանությունը. կապը AD-AS մոդելի հետ
- Տնտեսական պարբերաշրջանը (ցիկլը): Ցիկլի փուլերը: Ցիկլային և ոչ ցիկլային տատանումներ: «Մեծ դեպրեսիան»
- Եկամուտների բաշխման տնտեսական հիմքերը: Լորենցի կորը և Ջինի գործակիցը
- Ընդհանուր և սահմանային օգտակարություն: Փոխարինման սահմանային նորմի և սահմանային օգտակարության կապը
- Պահանջարկի ֆունկցիայի գնային և ոչ գնային գործոնները: Առաձգականություն
- Ընդհանրացված, գնային, եկամտային և խաչաձև պահանջարկի ֆունկցիաներ: Սպառողական բարիքների տիպերը: Գիֆֆենի պարադոքսը: Էնգելի կորերը
- Սպառողական ավելցուկ և օպտիմալ փոխհատուցում
- Ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումը զուտ մենաշնորհի պայմաններում: Բնական մոնոպոլիաները և դրանց կարգավորումը
- Ռեսուրսների համամասնության Հեկշեր–Օհլինի թեորեմը և համաշխարհային շուկայում գործոնների գների հավասարեցումը
- Եկամուտների բաշխման վրա արտաքին առևտրի ազդեցության Ստոլպեր–Սամուելսոնի թեորեմը
- Արտաքին առևտրի վրա տնտեսական աճի ազդեցության Ռիբչինսկու թեորեմը
- Մաքսային և ոչ մաքսային քաղաքականությունների ազդեցությունը արտաքին առևտրի վրա
- Ռեսուրսների համամասնության թեորեմի ստուգումը. Լեոնտևի պարադոքսը և դրա մեկնաբանությունները
- Մրցակցային առավելությունների Պորտերի տեսությունը
- Վճարային հաշվեկշիռը, դրա կառուցվածքը և կարգավորման եղանակները
- Արտաքին առևտրի հավասարակշռությունը. մեկնաբանությունը Էջվորդի արկղի միջոցով
- Արժութային փոխարժեքը, դրա տեսակները և արժութային գործարքները
- Գլոբալ տնտեսական հիմնախնդիրները և միջազգային տնտեսական ինտեգրումը
- Զարգացած, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների տնտեսությունների առանձնահատկությունները
- Պետությունը և շուկան: Պետության տնտեսական գործառույթները
Գրականության ցանկ
- Հ․ Հովհաննսիյան, Գ․ Գալստյան, Շ․ Իսահակյան և այլոք, Միջազգային տնտեսագիտություն, Երևան, 2021
- Թորոսյան Թ., Միջազգային տնտեսագիտություն. առևտուր և ֆինանսներ, Երևան, 2005
- Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997
- Sachs, J. D., Larrain, F. B. Macroeconomics in the Global Economy. Englewood Cliffs, NJ: Prentice Hall, 1993.
- Ломакин В. К., Мировая экономика, М., 2007