- Main
- Group
- Միջազգային բակալավրիատ
Միջազգային բակալավրիատ
Գիտելիք՝ համաշխարհային մտածողության, հետազոտության և ապագայի համար
Երևանի պետական համալսարանը ներդնում է միջազգային կրթական նոր հարթակ՝ Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիր (International Baccalaureate (IB) Diploma Programme), որը նախատեսված է 16–19 տարեկան սովորողների համար և միավորում է ակադեմիականությունը, քննադատական մտածողությունը, հետազոտական գործունեությունն ու անձի զարգացումը։ Ծրագիրը սովորողներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու առարկայական խոր գիտելիքներ և զարգացնելու ինքնուրույն հետազոտելու, տարբեր տեսակետներ համադրելու, գաղափարները հիմնավորելու և գիտելիքը իրական խնդիրների լուծման մեջ կիրառելու կարողություններ։ Այն խրախուսում է նաև հարցադրումների ձևակերպումն ու քննադատական մտածողությունը։
2025 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանը դարձավ Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի թեկնածու դպրոց (IB Candidate School)՝ սկիզբ դնելով միջազգային բակալավրիատի ծրագրի ներդրման և հետագա լիարժեք հավատարմագրման գործընթացին։ Այս քայլը կարևոր փուլ էր ԵՊՀ կրթական միջավայրի միջազգայնացման ճանապարհին՝ հնարավորություն ստեղծելով Հայաստանի աշակերտների համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու և իրենց ակադեմիական ներուժը համաշխարհային կրթական միջավայրում զարգացնելու համար։
Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը միջազգային ճանաչում ունեցող երկամյա կրթական ծրագիր է, որը համադրում է առարկայական լայնություն և ակադեմիական խորություն։ Ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ ժամանակակից կրթությունը պետք է զարգացնի ոչ միայն ակադեմիական արդյունքներ ապահովելու, այլև հարցեր ձևակերպելու, հետազոտելու, վերլուծելու, ստեղծելու և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություններ։ Աշակերտները սովորում են առարկայական տարբեր ոլորտներում՝ միաժամանակ զարգացնելով միջառարկայական կապեր և կիրառելով իրենց գիտելիքները իրական աշխարհի խնդիրների լուծման ընթացքում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս խորությամբ ուսումնասիրելու բնական և ճշգրիտ գիտությունները, մաթեմատիկան, լեզուները, հասարակական գիտությունները, հումանիտար առարկաներն ու արվեստը՝ համապատասխան խորացված մակարդակի (Higher Level (HL)) և ստանդարտ մակարդակի (Standard Level (SL)) դասընթացների ընտրությամբ։
Միջազգային բակալավրիատի կրթության առանձնահատկություններից են ծրագրի երեք առանցքային բաղադրիչները․
Գիտելիքի տեսություն (Theory of Knowledge (TOK))
Աշակերտները ուսումնասիրում են գիտելիքի բնույթը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ենք գիտելիք ձեռք բերում, հիմնավորում և գնահատում։Ընդլայնված էսսե (Extended Essay (EE))
Աշակերտը կատարում է ինքնուրույն ակադեմիական հետազոտություն և ձևակերպում սեփական հետազոտական հարցը՝ զարգացնելով գիտական աշխատանքի և ակադեմիական գրելու հմտությունները։Ստեղծարարություն, գործունեություն, ծառայություն (Creativity, Activity, Service (CAS))
Աշակերտները ներգրավվում են ստեղծագործական, ֆիզիկական և համայնքային գործունեության մեջ՝ իրենց գաղափարները վերածելով գործնական նախաձեռնությունների և նպաստելով համայնքի զարգացմանը։
Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը միավորում է հայաստանյան ակադեմիական և մշակութային միջավայրը միջազգային կրթական մտածողության հետ։
Մենք կարևորում ենք ազգային և մշակութային ինքնության պահպանումը՝ միաժամանակ խրախուսելով բաց մտածողությունը, տարբեր մշակույթների և տեսակետների նկատմամբ հետաքրքրությունն ու փոխըմբռնումը։
Մեր նպատակն է ձևավորել սովորողների, որոնք վստահորեն գործում են տեղական միջավայրում և պատրաստ են մտածելու ու համագործակցելու գլոբալ համատեքստում։ Ծրագիրը զարգացնում է հետազոտելու, հաղորդակցվելու, համագործակցելու, քննադատաբար մտածելու, ինքնուրույն սովորելու և սեփական ուսումնառությունը գիտակցաբար կառավարելու կարողությունները։