Ֆինանսներ
Master's programme
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 1 տարի։
Շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության մագիստրոս։
Ընդունելության քննությունը` գրավոր:
Դասերի սկիզբը՝ երեկոյան՝ ժամը 18:30-ից։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2026/2027 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին ֆինանսական ոլորտում առաջադեմ գիտելիքների և մասնագիտացված հմտությունների մատուցումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի պատրաստել շրջանավարտների, որոնք կտիրապետեն ֆինանսների տեսությանը, կունենան առաջադեմ վերլուծական հմտություններ և պատրաստ կլինեն գերազանցելու բանկային համակարգում, ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններում, պետական ֆինանսական հաստատություններում և ֆինանսական այլ հաստատություններում։
Առավելությունները
«Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագրի տրամաբանական շարունակությունն է։ Ելնելով մագիստրոսական կրթական ծրագրի նպատակներից՝ «Ֆինանսներ» կրթական ծրագրում դասավանդելու են միջազգային հայտնի բուհերում՝ Լոնդոնի բիզնես դպրոցում («London Business School», ծրագիրը՝ «Master in Finance»), MIT Սլոունի կառավարման դպրոցում («MIT Sloan School of Management», ծրագիրը՝ «Master of Finance»), Փենսիլվանիայի համալսարանում՝ Ուորթոնի դպրոցում («Wharton School, University of Pennsylvania» ծրագիրը՝ «Master of Science in Finance»), Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում («Frankfurt School of Finance & Management», ծրագիրը՝ «Master in Finance»), Սինգապուրի կառավարման համալսարանում («Singapore Management University», ծրագիրը՝ «Master of Finance) և այլ նմանատիպ ծրագրերով ներառված առարկաներ։
Նշված դասընթացները դասավանդելու են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային ոլորտում հետազոտական, վերլուծական և փորձագիտական փորձ ունեցող արհեստավարժ պրոֆեսորադասախոսական անձնակազմի օգնությամբ։ Վերոգրյալի շնորհիվ ի վերջո հնարավոր կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում (մեկ տարի) պատրաստել անհրաժեշտ և բավարար գիտելիքներով ժամանակակից ֆինանսիստների։
Կարիերայի հնարավորությունները
«Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական հիմք այն ուսանողների համար, որոնք մտադիր են իրենց կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում: Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
կրթական համակարգեր՝ ֆինանսների, ներդրումների, ռիսկերի կառավարման դասախոս,
խորհրդատվական ընկերություններ՝ ֆինանսական խորհրդատու,
առևտրային կազմակերպություններ՝ տնտեսագետ, հաշվապահ, ֆինանսիստ,
առևտրային բանկեր՝ վարկային մասնագետ, ռիսկերի կառավարման մասնագետ, հաշվապահ, ակտիվների և պասիվների կառավարման մասնագետ, արժեթղթերում ներդրումային գործուներություն իրականացնող մասնագետ,
պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ տնտեսագետ, ֆինանսիստ, հաշվապահ, տնտեսական քաղաքականության ծրագրերի մշակման խմբի անդամ, տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետ:
Հնարավոր աշխատավայրերն են ՀՀ նախարարությունները, Կենտրոնական բանկը, բուհերը, առևտրային բանկերը, ապահովագրական և ներդրումային ընկերությունները, առևտրային կազմակերպությունները և ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնող ֆինանսական այլ կազմակերպությունները: