November 06, 2026 | 10:00
Partners
Volunteering, practice and internship
Career
Starting a career: what do employers expect from entry-level professionals?
How can candidates prepare for their first job, what experience should they include on their resumes, and how can they demonstrate their skills during a job interview? These questions were addressed at a panel discussion held as part of the "Learn & Work: YSU Expo 2026" event, where representatives from various industries spoke with students and recent graduates about employer expectations and shared practical advice for starting a career.
ԵՊՀ-ում անցկացված «Կարիերայի առաջին քայլերը. գործատուների սպասելիքները» խորագրով քննարկման առանցքում են եղել սկսնակ մասնագետների համար անհրաժեշտ հմտությունները, աշխատանքի դիմելու առանձնահատկությունները և համալսարանական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունները։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դասախոս Արուսյակ Միրզախանյանը, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար, ԵՊՀ դասախոս Լիլիթ Գևորգյանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Բանախոսների թվում են եղել նաև Ամիօ բանկի տաղանդների ներգրավման և ինտեգրման ծառայության ղեկավար Մարիամ Հովհաննեսը և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման ղեկավար Արշակ Պողոսյանը։
Ի՞նչ են կարևորում գործատուները սկսնակ մասնագետ ընտրելիս
Բանախոսներն ընդգծել են, որ մասնագիտական գիտելիքներից բացի՝ սկսնակ մասնագետի ընտրության հարցում էական նշանակություն ունեն սովորելու պատրաստակամությունը, պատասխանատվությունը, բարեվարքությունն ու թիմում աշխատելու կարողությունը։
Արուսյակ Միրզախանյանի խոսքով՝ հարցազրույցը թեկնածուի համար հնարավորություն է ցույց տալու ոչ միայն իր մասնագիտական գիտելիքները, այլև նոր գիտելիքներ ձեռք բերելու և վստահելի գործընկեր լինելու պատրաստակամությունը։
«Մենք առաջինը փորձում ենք տեսնել՝ կարո՞ղ եք դուք սովորել, որովհետև այս դարաշրջանում դուք անընդհատ պետք է սովորեք»,- նշել է նա։
Ուսանողների և նորավարտների հետ աշխատելու՝ Ամիօ բանկի մոտեցումը ներկայացրել է Մարիամ Հովհաննեսը՝ կարևորելով թեկնածուի մոտիվացիան և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը։
«Մենք չենք փնտրում կայացած մասնագետների։ Մենք պատրաստ ենք համագործակցություն սկսելու ուսանողների ու նորավարտների հետ, որոնք պատրաստ են սովորելու, ունեն մոտիվացիա, պատրաստ են պատասխանատվություն վերցնելու իրենց վրա և գնալու առաջ»,- ասել է նա։
Արշակ Պողոսյանն էլ առանձնացրել է հաղորդակցվելու, խնդիրներ լուծելու, սովորելու և փոփոխություններին հարմարվելու հմտությունները՝ նշելով, որ մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ դրանք հաճախ կարևոր դեր են ունենում թեկնածուի ընտրության հարցում։
Անդրադառնալով առաջին աշխատանքի ընտրությանը՝ Վարդան Ջհանյանն ուսանողների ուշադրությունը հրավիրել է մարզերում և արտադրական ոլորտում առկա հնարավորությունների վրա։ Նա հորդորել է պատրաստ լինել ծանոթ միջավայրից դուրս աշխատելու և նոր փորձ ձեռք բերելու։
Ի՞նչ փորձ կարող է ներկայացնել սկսնակ մասնագետը
Աշխատանքային փորձի բացակայությունը ուսանողներին և նորավարտներին հաճախ մտահոգող հարցերից է։ Բանախոսները նշել են, որ թեկնածուի փորձը չի սահմանափակվում միայն նախկինում զբաղեցրած պաշտոններով։
Կամավորությունը, ուսանողական նախաձեռնություններին մասնակցությունը, փոխանակման ծրագրերն ու մասնագիտական պրակտիկան նույնպես հնարավորություն են տալիս զարգացնելու աշխատաշուկայում պահանջված հմտություններ։ Այդ գործունեությունը կարող է վկայել թեկնածուի նախաձեռնողականության, պատասխանատվության, թիմում աշխատելու և առաջնորդելու կարողությունների մասին։
Բանախոսները կարևորել են ուսումնառության ընթացքում գործնական փորձ ձեռք բերելը՝ ընդգծելով, որ տարբեր ծրագրերի մասնակցությունը նաև օգնում է բացահայտելու սեփական հետաքրքրություններն ու հստակեցնելու մասնագիտական նախասիրությունները։
Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքի դիմելուն և հարցազրույցին
Լիլիթ Գևորգյանը խորհուրդ է տվել աշխատանքի դիմելուց առաջ ուսումնասիրել կազմակերպությունն ու առաջարկվող հաստիքը։ Նրա խոսքով՝ թեկնածուն պետք է հասկանա, թե ինչու է ցանկանում աշխատել տվյալ ընկերությունում և ինչ է ակնկալում այդ աշխատանքից։
Նա առաջարկել է ծանոթանալ գործատուի գործունեությանը, տեղեկություններ փնտրել նաև Լինքդինում և ուսումնասիրել կազմակերպությունում աշխատող մարդկանց մասնագիտական փորձը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական ինքնակենսագրականի՝ CV-ի կազմմանը։ Լիլիթ Գևորգյանի դիտարկմամբ՝ այն նախնական գնահատելու համար մասնագետները հաճախ ունենում են ընդամենը 20–30 վայրկյան։ Ուստի կարևոր են փաստաթղթի հստակ կառուցվածքը, կոկիկ ձևավորումը և տվյալ հաստիքին համապատասխան փորձի ու հմտությունների ներկայացումը։
Հարցազրույցին պատրաստվելիս Արուսյակ Միրզախանյանը խորհուրդ է տվել ուսումնասիրել գործատուի արժեքներն ու առաջնահերթությունները։ Նրա խոսքով՝ թեկնածուն պետք է կարողանա իր գիտելիքներն ու փորձառությունը կապել կազմակերպության պահանջների հետ և փաստարկված ներկայացնել, թե ինչով կարող է օգտակար լինել։
Բանախոսները գործատուի և առաջարկվող աշխատանքի մասին բավարար տեղեկություն չունենալը նշել են որպես հարցազրույցների ընթացքում հանդիպող տարածված սխալներից մեկը։
Համալսարանական գիտելիքը՝ գործնական աշխատանքում
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համալսարանական կրթության դերին։ Լիլիթ Գևորգյանը կարևորել է ԵՊՀ-ում տրամադրվող կրթության ընդգրկունությունը՝ նշելով, որ մասնագիտական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերված հարակից գիտելիքները ևս կիրառելի են հետագա աշխատանքում։
Վարդան Ջհանյանն ու Արուսյակ Միրզախանյանն ընդգծել են համալսարանի և գործատուների համագործակցության նշանակությունը՝ ուսանողներին մասնագիտական միջավայրին ծանոթացնելու և նրանց գործնական կարողությունները զարգացնելու տեսանկյունից։
Սկսե՛ք շուտ և մի՛ վախեցեք
Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները ուսանողներին հորդորել են դեռևս ուսումնառության տարիներին սկսել մասնագիտական ուղու կառուցումը, արդյունավետ օգտագործել սովորելու հնարավորությունները և հետևողականորեն զարգացնել սեփական կարողությունները։
Արշակ Պողոսյանը խորհուրդ է տվել չհետաձգել առաջին քայլերը, իսկ Մարիամ Հովհաննեսը՝ գործել համարձակ. «Սկսե՛ք շուտ և մի՛ վախեցեք»։
Վարդան Ջհանյանը շեշտել է ուսումնառության տարիները գիտելիք ձեռք բերելու համար օգտագործելու կարևորությունը, իսկ Արուսյակ Միրզախանյանը՝ սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու նպատակին հասնելու համար հետևողական աշխատանքը։
Լիլիթ Գևորգյանն ուսանողներին խորհուրդ է տվել մասնագիտական ընտրություն կատարելիս առաջնորդվել սեփական հետաքրքրություններով և սեփական մասնագիտական առաջընթացը չգնահատել ուրիշների ձեռքբերումների համեմատությամբ։
«Հարցրե՛ք ձեզ՝ ինչո՞վ եք ուզում զբաղվել, և սիրե՛ք այն, ինչով զբաղվում եք։ Մի՛ համեմատվեք ուրիշների հետ, գնացե՛ք ձեր նպատակի հետևից և անընդհատ զարգացե՛ք»,- նշել է նա։
Քննարկումն ավարտվել է ուսանողների հարցերով և բանախոսների հետ անհատական զրույցներով։