September 16, 2025 | 21:00
Science
Partners
Education
One day, infinite opportunities: ''Learn & Work: YSU Expo- 2025'' held at YSU
Today, Yerevan State University transformed into a crossroads of opportunities, where knowledge, experience, and career paths intersected. The now-traditional ''Learn & Work: YSU Expo- 2024'' event was dedicated this year to the start of the new academic year and the welcoming of first-year students. Within the framework of the expo, effective connections were established between the academic sector and the labor market—facilitating connections between students and potential employers, employers with future professionals, and first-year students with the opportunities of university life.

Կրթական և աշխատանքային հնարավորություններ, գործատուների, շրջանավարտների, ուսանողների և դիմորդների միջև արդյունավետ հաղորդակցություն, համապարփակ թեմատիկ քննարկումներ, բազմաթիվ հարցերի պատասխաններ․ սա էր «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի առաքելությունն ու մեծ նպատակը։
Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ» էքսպոյի անվանումն ինքնին հուշում է այն գաղափարը, որն ուզում են փոխանցել ուսանողներին, գործընկերներին և բիզնեսի ներկայացուցիչներին։

«Էքսպոյի միջոցով մենք ցանկանում ենք ընդգծել այն հիանալի հնարավորությունը, որ ընձեռում է լայնամասշտաբ այս միջոցառումը տարբեր խմբերի՝ միմյանց հետ հանդիպելու, շփվելու և համագործակցելու համար։ Առաջին հերթին կառանձնացնեմ աշակերտներին, որոնք այսօր այստեղ՝ ԵՊՀ-ում, հնարավորություն ունեն ծանոթանալու համալսարանի բոլոր կրթական ծրագրերին և ստորաբաժանումներին։ Այս հարթակը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ պատկերացում կազմելու իրենց ապագա մասնագիտական ուղու մասին։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել այս միջոցառման արդյունավետությունն ու ազդեցությունը․ մենք ունեցել ենք ավելի քան 20 հազար այցելուներ, որոնց մեծամասնությունը հենց դպրոցականներ են եղել։ Ուրախությամբ նշեմ, որ նրանցից շատերը հենց էքսպոյի ընթացքում են կայացրել իրենց որոշումը և այսօր արդեն ԵՊՀ առաջին կուրսի ուսանողներ են»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Նա հավելեց, որ հաջորդ կարևոր խումբը տարբեր կուրսերի ուսանողներն են՝ մատնանշելով, որ էքսպոն նրանց համար ևս յուրահատուկ հարթակ է՝ ծանոթանալու գործընկեր կազմակերպություններին, հասկանալու, թե ինչ հնարավորություններ է առաջարկում գործարար աշխարհը։
«Ցանկանում եմ առանձնացնել մեր գործընկերներին՝ բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներին, որոնք այսօր այստեղ են՝ ներկայացնելու իրենց առաջարկած հնարավորությունները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը և ավելացրեց, որ այս տարվա էքսպոն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ առումով․ այն նաև յուրօրինակ «բարի գալուստ» է առաջինկուրսեցիների համար։

Միջոցառման բացման պաշտոնական արարողությունից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շրջայց կատարեց տաղավարներով՝ անձամբ շփվելով համալսարանի տարբեր ֆակուլտետների, գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ցուցահանդեսն ուներ երկու հիմնական բաղադրիչ՝ կարիերայի տոնավաճառ, որտեղ ներկայացված էին ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելու փորձնակության, աշխատանքի հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին, կրթության տոնավաճառ, որտեղ կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդները ծանոթացան ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին:

Կրթության տոնավաճառի շրջանակում ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, վարչական ստորաբաժանումները, ուսանողական կառույցները, ինչպես նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ներկայացրին իրենց կրթական, փորձնակության ծրագրերը, կազմակերպեցին վիկտորինաներ, մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ներկայացնելով իր կրթական ծառայությունները և ցուցադրելով կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները:
ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսի շրջանակում ամփոփվեցին նաև ԵՊՀ մարքեթինգի բաժնի հայտարարած «ԵՊՀ-ն իմ աչքերով» լուսանկարների և «Մեկ րոպե ԵՊՀ-ում» ռիլերի ստեղծագործական մրցույթների արդյունքները։ Մասնակիցները նախապես ներկայացրել էին հեղինակային ֆոտո և վիդեո պատմությունները՝ դրանք հրապարակելով սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ նշելով ԵՊՀ պաշտոնական էջերը։ Հաղթողները ստացան խրախուսական նվերներ, իսկ նրանց աշխատանքները՝ ԵՊՀ պաշտոնական էջերում հրապարակվելու հնարավորություն։
Նախապես գրանցված թիմերը մասնակցեցին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կազմակերպած ինտերակտիվ վիկտորինային՝ ստանալով մրցանակներ։

Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գործունեությանը։ Նրանց ներկայացվեց կենտրոնի առաջարկած մշակութային խմբերի աշխատանքը՝ երգչախումբ, պարային համույթ, թատրոն և այլ նախաձեռնություններ։ Ցանկացողները միացան կենտրոնի գործունեությանը՝ անցնելով նախնական ընտրության փուլ։ Ցուցահանդեսի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբն ու «YSU-Band»-ը հանդես եկան երաժշտական, իսկ աղջիկների պարային համույթը՝ պարային կատարումներով։

Կարիերայի տոնավաճառի շրջանակում հայաստանյան ավելի քան 38 լավագույն կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրին առկա աշխատանքային հնարավորությունները, խոսեցին իրենց ձեռքբերումներից, անցկացրին հարցազրույցներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով համալրելու իրենց աշխատակազմերը:
Էքսպոյի գլխավոր գործընկերը «Ineco People»-ն էր։ Ընկերությունը ցուցահանդեսի շրջանակում կազմակերպեց խաղեր՝ հաղթողներին հանձնելով նվերներ, ինչպես նաև ներկայացրեց փորձնակության առաջարկներ, կարիերայի զարգացման հնարավորություններ՝ դիմորդներին, ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնելով իրենց գործունեության ոլորտին։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էսքպո-2025»-ի շրջանակում թեմատիկ բանախոսություններով հանդես եկան ԵՊՀ շրջանավարտները՝ ՀԱՀ «Բիզնես կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Սերգեյ Թանթուշյանը, ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Աննա Մաքսուդյանը, ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական և բակալավրի կրթական ծրագրերի ղեկավար, ս․գ․թ․ Նվարդ Մելքոնյանը, «Coca-Cola HBC Armenia»-ի տաղանդների համալրման գործընկեր Տաթևիկ Բաբայանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տվյալների փոխգործելիության ղեկավար Լաուրա Այդինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ, պ․գ․թ․ Հայկ Ենգիբարյանը: Բանախոսությունների ընթացքում տարբեր ոլորտներում հայտնի և հաջողակ մասնագետները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով իրենց կրթական ուղին, աշխատանքային փորձառությունն ու հաջողության հասնելու ուղին։

Միջոցառման ամբողջական լուսաբանումը ուղիղ հեռարձակմամբ ապահովեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները։ Նրանք միջոցառման տարբեր հատվածներից անցկացրին հարցազրույցներ՝ պատմելով ցուցահանդեսի ընթացքի, տաղավարներում իրականացվող նախաձեռնությունների, ինչպես նաև մասնակիցների գործունեության մասին։
Միջոցառումը ամփոփվեց տոնական համերգով՝ «Darwin’s Project», «Ethno Colors» երաժշտական խմբերի մասնակցությամբ։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ը ստեղծեց ճանապարհ՝ նոր երկխոսություն սկսելու և կարիերայի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Սա միայն ցուցահանդես չէր, այլ հարթակ, որտեղ կրթությունն ու աշխատանքը սկսում են հաղորդակցվել՝ կառուցելով յուրաքանչյուրի ապագան։