October 09, 2025 | 14:40
Conferences
International cooperation
Events
International conference addressing geopolitical developments from academic perspective commences at YSU
Initiated by the Faculty of International Relations, Yerevan State University has launched the international conference titled "Post-Soviet Transformations: Geopolitics, Nation-Building, and Development." The two-day conference features presentations from researchers representing 20 countries, addressing a range of topics including Armenia’s foreign policy developments, post-Soviet geopolitical transformations, and the role of logistics in international relations, while also showcasing examples from various other nations.

Միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով արտերկրի գիտաշխատողների մասնակցությամբ քննարկումներն ու տարբեր տեսակետների ներկայացումը, ընդգծեց. «Բովանդակությամբ ընդգրկուն գիտաժողովը հնարավորություն է տալիս քննարկելու բազմաթիվ թեմաներ և խնդիրներ 20 տարբեր երկրներից ժամանած մասնագետների հետ։ ԵՊՀ-ն այն հարթակն է, որը միավորում է բազմաթիվ դիտանկյուններ՝ ձևավորված ակադեմիական տարբեր մոտեցումներից, ինչը ոչ միայն հարստացնում է համալսարանը, այլև հնարավորություն է տալիս քննարկելու նոր հոդվածների տպագրումը թե՛ մեր, թե՛ միջազգային հանդեսներում»։
Ռեկտորն ընդգծեց, որ ներկայում բազմաթիվ աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի շուրջ, ինչպես նաև խաղաղության հաստատումն է օրակարգում, մասնավորապես՝ թե ինչպես պետք է այն տեղի ունենա. «Վստահ եմ, որ կունենանք արդյունավետ քննարկումներ, քանզի ակադեմիական շրջանակում դրանք շատ կարևոր են ոչ միայն կրթական ոլորտի, այլև քաղաքականության մշակման համար։ Հուսով եմ՝ այս գիտաժողովի արդյունքները կիրառելի կլինեն ոչ միայն ակադեմիական, այլև քաղաքական գործընթացներում»:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը շեշտեց, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Եվրասիայի աշխարհաքաղաքական դիմագիծը ենթարկվում է հիմնարար փոփոխությունների. «Կարևոր է կենտրոնանալ փոփոխությունների հիմնարար շարժիչ ուժերի՝ միջազգային հասարակության հիմնարար ինստիտուտների և եվրասիական աշխարհաքաղաքականության վրա: Այս համատեքստում շատ կարևոր է նաև դիտարկել ազգաշինության գործընթացները, ազգության սահմանումը և վերասահմանումը»:
Նա շնորհակալություն հայտնեց արտերկրից ժամանած մոտ 50 պրոֆեսորներին, որոնց զեկուցումների շնորհիվ հնարավոր կլինի նաև լսելու տվյալ երկրի տեսակետը քննարկվելիք թեմաների վերաբերյալ:

Նոր Զելանդիայի Մեսի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը, ներկայացնելով իր դիրքորոշումը հետխորհրդային տերմինի վերաբերյալ, նշեց, որ այն պետք է վերանայել այսօրվա համատեքստում. «Որոշների համար «հետխորհրդային» նշանակում է ԽՍՀՄ նախկին անդամ երկրներ։ Բայց արդյո՞ք դա միայն աշխարհագրական տերմին է։ Ես այդպես չեմ կարծում։ Ոմանց համար դա միայն ԽՍՀՄ նախկին անդամ երկրները չեն, այլ նաև հետկոմունիստական, հետավտորիտար կամ ռուսական ազդեցության հետևանքներ կրող պետություններն են։ Երբ դիտարկում ենք այսօրվա հետխորհրդային իրադրությունը, նկատում ենք ավելի շատ բացեր, երկատվածություն և բազմազանություն անդամ պետությունների քաղաքական համակարգերում և արտաքին քաղաքականության առաջնահերթություններում։ Այսպիսով՝ որպեսզի հասկանանք այսօրվա պատկերն ու կարողանանք վերագնահատել «հետխորհրդային» գաղափարը, պետք է իրավիճակը դիտարկենք ավելի լայն համատեքստում»:
Նա ընդգծեց, որ ընդունված է ասել, թե մենք ապրում ենք անորոշ, բարդ աշխարհում. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հարյուր տարին մեկ մասնագետները նույն բանն են ասում։ Բայց կարծում եմ՝ փոքր պետությունների համար ավելի դժվար է, ըստ էության, կողմնորոշվել այս նոր բարդ իրականության մեջ։ Եվ ես իսկապես զարմացած եմ, թե ինչպես Հայաստանը, լինելով այսքան փոքր, դեպի ծով ելք չունեցող և շրջապատված բազմաթիվ հարևաններով, որոնցից ոչ բոլորն են բարեկամական, ոչ միայն կարող է գոյատևել, այլև խթանել շատ համարձակ ու հավակնոտ գաղափարներ ու նախաձեռնություններ։ Այնպես որ, ես այստեղ եմ՝ ավելին սովորելու համար»։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան հետազոտողներ Գենտի, Կոպենհագենի, Մեսի, Ջորջթաունի, Կալիֆոռնիայի համալսարաններից, Իրանի, Իսպանիայի, Հունգարիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետազոտական ինստիտուտներից: Հայաստանի գիտաշխատողները ներկայացնում էին ԵՊՀ-ն, ՀՀ ԳԱԱ-ն, Հայ-ռուսական համալսարանը:
Զեկուցումներով գիտաշխատողներն անդրադարձան հետխորհրդային Եվրասիայում անվտանգության կարգի վերագնահատմանը, Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական հարաբերությունները որոշող հիմնական գործոններին, հետխորհրդային Վրաստանում հայ առաքելական եկեղեցու դերին, 2020 թ. պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ թուրք-իրանական տարածաշրջանային մրցակցային քաղաքականության լույսի ներքո, տրանսպորտի, հաղորդակցության դերին՝ որպես միջազգային հարաբերությունների ինտեգրման գործոն (Ղազախստանի օրինակով) և այլ թեմաների: