- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործում է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան
Հունվար 09, 2026 | 14:14
Կրթություն
Հասարակություն
Մարդու իրավունքներ
ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործում է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան
Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել և այժմ իր գործունեությունն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։
ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են իրավական արդիական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ և գիտաժողովներ, ինչպես նաև կատարվում են գիտական հետազոտություններ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն լաբորատորիայում կատարելու գիտահետազոտական աշխատանքներ։ Բացի դրանից՝ մասնակցելով լաբորատորիայում անցկացվող գիտական տարբեր քննարկումների և գործնականում կիրառելով իրենց գիտելիքները՝ նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները։
Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Բաբկեն Հարությունյանը, որն իր մասնագիտական պրակտիկան անցկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունում, պարբերաբար այցելում է Իրավաբանական լաբորատորիա։ Պրակտիկայի ընթացքում ձեռք բերելով գիտելիքներ դատախազության կառուցվածքի, գործառույթների և գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ՝ Բաբկենը անմիջականորեն մասնակցում է նաև գործնական աշխատանքների։
«Պրակտիկայի շրջանակում գրեթե ամեն օր այցելում ենք ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ կատարելու ուսումնառության ընթացքում հանձնարարվող առաջադրանքները։ Լաբորատորիան հնարավորություն է ընձեռում առավել խորությամբ ուսումնասիրելու մեր մասնագիտական ոլորտը՝ տրամադրելով անհրաժեշտ տեսական գրականություն, ինչպես նաև դառնալով հարթակ՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ համագործակցության և ակտիվ քննարկումների համար»,- ընդգծեց ԵՊՀ ուսանողը։
Լաբորատորիան համալրված է պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականությամբ և իրավական նյութերով, որոնք նպաստում են ուսումնառության և հետազոտական գործունեության արդյունավետ կազմակերպմանը։
Բացի դրանից՝ լաբորատորիայի գործունեության շրջանակում նախատեսվում է կազմակերպել սփյուռքահայ իրավաբանների և ուսանողների փոխադարձ այցելություններ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և մասնագիտական կապերի ամրապնդմանը։

