October 20, 2025 | 15:36
Science
Publications and scientific journals
Events
Presentation held for Armenian-language manual "Management of Pharmaceutical Activities: Organization and Regulation of Pharmaceutical Activities, Volume II"
The manual can serve as a foundational resource in the field of pharmaceutical education, in the practice of healthcare organization, as well as in processes related to state regulation and policy development.

Ուսումնական ձեռնարկի հեղինակը Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դոցենտ, դ.գ.թ. Ալբերտ Սահակյանն է:
Վերոնշյալ ձեռնարկը ոլորտային կրթական աշխատանքի շարունակությունն է, որի հիմքը դրվել է առաջին մասում՝ դեղագործական կառավարման հիմնարար սկզբունքների ներկայացմամբ:

Ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Անի Չախոյանն ընդգծեց, որ ձեռնարկի առաջին մասում անդրադարձ է կատարվել դեղերի ստեղծմանը, դասակարգմանը, շրջանառությանը, կլինիկական ուղեցույցներին և ֆորմուլյարային համակարգերին, դեղագործական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև էթիկայի և դեոնթոլոգիայի խնդիրներին՝ ուսումնական կառուցվածքով, ինքնաստուգման հարցերով, ինչպես նաև թեստային օրինակներով։
«Ուսումնական ձեռնարկի երկրորդ մասն առանձնանում է իր կիրառական կառուցվածքով և համակարգված մոտեցմամբ։ Այն առաջին անգամ հայերենով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի ապահովման և դեղատնային գործունեության կազմակերպման և կարգավորման ամբողջական շրջանակը»,- մատնանշեց նա։
«Դեղագործական գործունեության կառավարումը: Դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը։ Մաս II» ձեռնարկը բաժանված է թեմատիկ գլուխների, որոնցից յուրաքանչյուրում անդրադարձ է կատարվում ոլորտի կոնկրետ գործառույթներին, մասնավորապես դեղերի իրացմանը, ներմուծմանը, բաշխմանը, որակի հսկմանը, դեղատնային գործունեության կազմակերպման մոդելներին, պետական վերահսկողության պահանջներին, դեղերի պահպանման և հաշվառման տեխնիկական պահանջներին, հանրային առողջության և դեղագործության փոխկապակցվածությանը, ինչպես նաև միջազգային փորձի համադրմանը՝ տեղայնացված օրենսդրական հղումներով: Ձեռնարկի յուրաքանչյուր բաժնում առկա են գործնական օրինակներ, հղումներ ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև ուսանողների համար նախատեսված առաջադրանքներ:

ԵՊՀ գիտական քարտուղար, ուսումնական ձեռնարկի խմբագիր Մերի Հովհաննիսյանը նշեց, որ գրքերի նկատմամբ սերն իրեն մղել է դեպի հրատարկչական ոլորտ, և տարիների ընթացքում ձևավորվել է կայուն համագործակցություն թե՛ ԵՊՀ, թե՛ այլ հրատարակչությունների հետ։
«Փորձում եմ այնպես անել, որ հարուստ բովանդակություն ունեցող այսօրինակ գրքերը ուսանողներին և, առհասարակ, ընթերցողներին ներկայանան գեղեցիկ հայերենով: Կարծում եմ՝ այն ջանքերը, որոնք ներդրել եմ նաև այս գրքում, ներդաշնակ և համարժեք կլինեն գրքի խորիմաստ բովանդակությանը»,- ասաց նա:
Մերի Հովհաննիսյանը հավելեց, որ այս գիրքն օգտակար է ոչ միայն ոլորտի մասնագետների, այլև ողջ հասարակության համար, քանի որ ընթերցողների շրջանում ձևավորվում է պատասխանատվություն սեփական առողջության նկատմամբ:

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանն էլ հույս հայտնեց, որ ինստիտուտի մյուս ամբիոններում ևս կձեռնարկվեն քայլեր՝ մայրենի լեզվով մասնագիտական առարկաների դասագրքեր ստեղծելու ուղղությամբ: Նրա համոզմամբ՝ գիտելիքն ի սկզբանե պետք է ձեռք բերել մայրենի լեզվով, ինչից հետո միայն կարելի է անդրադառնալ օտարալեզու գրականությանը:
Ձեռնարկի հեղինակ, Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դոցենտ, դ.գ.թ. Ալբերտ Սահակյանը գրքի հաջողությունը մեծապես պայմանավորեց այն հանգամանքով, որ ինքն ունի մասնագիտական պրակտիկ գործունեության երկար տարիների աշխատանքային փորձ: Նա նաև խորհուրդ տվեց այն մարդկանց, որոնք չունեն մասնագիտական պրակտիկ գործունեության աշխատանքային փորձ, սակայն պատրաստվում են գիրք գրել, անպայման սերտ համագործակցել պրակտիկ գործունեություն ծավալած անձանց հետ:

«Խորհրդային տարիների գրքերում, օրինակ, նկատել եմ մի շարք թերություններ: Դրանով պայմանավորված՝ ձեռնարկի առաջին մասը նվիրել եմ հանրային առողջապահության այն հասկացություններին, որոնք հավասարապես պետք են դեղագործներին և բժիշկներին: Դեղագործները, օրինակ, ծանոթ չեն հիվանդության սահմանումներին, առողջության վրա ազդող ռիսկի գործոններին: Խորհրդային գրքերում չկան այնպիսի հատվածներ, որոնք, օրինակ, վերաբերում են դեղային քաղաքականությանն ու դեղերի արդյունավետ կիրառմանը»,- ընդգծեց նա:
Ձեռնարկի հեղինակն օրինակներով անդրադարձավ նաև գրքի կիրառական նշանակությանը դեղագործական կրթության, առողջապահության կազմակերպման և պետական կարգավորման ոլորտներում:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ՝ դեղագործական կրթության ու գործնական փորձի տարբեր հարթակներից: