October 28, 2025 | 17:12
Science
Education
Graduates
YSU graduate Ara Kirakosyan on his formula of science, dedication, and success
The Faculty of Biology at Yerevan State University has, throughout its history, produced hundreds of scientists who began their academic journey in the university’s laboratories and went on to continue their careers at leading research centers around the world. Among them is Ara Kirakosyan, a graduate of YSU Chair of Biophysics, whose scientific path serves as a bridge between Armenia and the world’s leading research institutions.
«Ես ԵՊՀ շրջանավարտ եմ»,- այսպես է սկսում իր պատմությունը Արա Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ հենց համալսարանն է եղել իր գիտական ինքնության հիմքը։ Այստեղ նա ոչ միայն ավարտել է բակալավրիատն ու մագիստրատուրան, այլ նաև պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները։ ԵՊՀ-ում ձևավորված գիտական մտածողությունն էլ դարձել է նրա՝ միջազգային գիտական ուղու մեկնարկային կետը։
Առաջին կանգառը Ճապոնիան էր՝ հետդոկտորական ուսումնասիրություններով։ Այնուհետև նրա գիտական ճանապարհը շարունակվեց Գերմանիայում, իսկ հետո՝ ԱՄՆ-ում, որտեղ էլ նա հաստատվեց և սկսեց իր նորարարական հետազոտությունները։ Սկզբնական շրջանում Ա․ Կիրակոսյանը ամբողջովին միայն նվիրված էր գիտությանը՝ աշխատելով որպես հետազոտող, սակայն տարիների ընթացքում նա գիտական աշխատանքը համատեղեց դասախոսության հետ։ Միչիգանի հյուսիսային համալսարանում նա սկսեց դասավանդել, ստացավ պրոֆեսորի կոչում և ստեղծեց սեփական լաբորատորիան, որը մասնագիտացած է նոր դեղանյութերի հայտնաբերման և հիմնավորման ոլորտում։
«Չնայած ես կենսաֆիզիկոս եմ, իմ ներկայիս գործունեությունը ավելի շատ քիմիայի ոլորտում է, որտեղ փորձում եմ համադրել երկու գիտակարգերի հնարավորությունները»,- պատմում է նա։
Արա Կիրակոսյանի գիտական գործունեության շրջանակում տպագրվել են երեք գրքեր, որոնցից մեկը՝ միջազգային մակարդակով հայտնի հրատարակչությունում լույս տեսած, նույնիսկ արժանացել է մրցանակի։ Բացի դրանից՝ նրա հեղինակած հոդվածները տպագրվել են միջազգային ազդեցիկ ամսագրերում։ 2024 թվականին Ա․ Կիրակոսյանը նշանակվեց «Nutrition and Dietary Supplements» գիտական ամսագրի խմբագիր, ինչը ոչ միայն անձնական նվաճում էր, այլև նշանակալի իրադարձություն հայ գիտական համայնքի համար։
Նրա գիտական համագործակցությունները ընդգրկում են տարբեր երկրներ՝ Իսպանիա, Ճապոնիա, Գերմանիա։ Այժմ նրա ուշադրության կենտրոնում են նոր դեղերի հիմնավորումն ու կենսաակտիվ նյութերի հայտնաբերումը՝ հենվելով ինչպես ժամանակակից գիտական մեթոդների, այնպես էլ ավանդական դեղաբույսերի վրա։
Գիտության արդյունավետության խթանման «25RG-1F028» դրամաշնորհային ծրագրով և կ․գ․դ․, դոցենտ Արա Անտոնյանի ղեկավարած հետազոտական խմբի հրավերով խմբի արտասահմանյան գործընկեր, Միչիգանի համալսարանի առաջատար գիտաշխատող, կ.գ.դ., պրոֆեսոր Արա Կիրակոսյանն այժմ (հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը) ԵՊՀ-ում է։
Համալսարանում Ա․ Կիրակոսյանը հանդես եկավ սեմինար-դասախոսությամբ՝ «Միացությունների նույնականացումից մինչև գործառույթ. անալիտիկ նկարագրից դեպի կենսաբանական ակտիվության կանխատեսումը» թեմայով, որին ներկա էին ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի, կենսաբանության ֆակուլտետի աշխատակիցները և ուսանողները։ Դասախոսությունն առանձնացավ իր ինտերակտիվությամբ․ նա ցույց տվեց, թե ինչպես են Ճապոնիայից բերված սարքավորումները հնարավորություն տալիս ոչ միայն ուսումնասիրելու, այլև կիրառելու նոր միացություններ դեղագործության մեջ։
«Շատ կարևոր է հասկանալ, որ ավանդական բժշկության բաղադրիչները (ինչպես, օրինակ, երիցուկը) կարելի է օգտագործել գիտականորեն հիմնավորված ձևով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում այն ոչ միայն դեղամիջոց է, այլև սննդային հավելում, իսկ Ալյասկայում նույնիսկ օգտագործվում է սպորտային ձիերի առողջությունը պահպանելու նպատակով»,- նշում է նա։
Արա Կիրակոսյանը համոզված է, որ Հայաստանում գիտական առաջընթացի համար այսօր ստեղծված են շատ ավելի բարենպաստ պայմաններ, քան այն տարիներին, երբ ինքը երիտասարդ գիտաշխատող էր․ «Երբ ես ասպիրանտ էի, «մութ ու ցուրտ» տարիներն էին։ Մենք մի փոքր խումբ էինք՝ մի քանի ակտիվ երիտասարդներ, որոնք, չնայած հոսանքի անջատումներին ու սարքավորումների պակասին, շարունակում էին աշխատել։ Հիմա պայմանները անհամեմատ լավ են՝ նոր լաբորատորիաներ, տեխնիկա, հզոր գիտական բազա։ Միայն պետք է եռանդ և մոտիվացիա։ Գիտությունը գնահատված չէ այնքան, որքան պետք է լինի, բայց հենց դա էլ պետք է դառնա շարժիչ ուժ երիտասարդների համար»։
Գիտնականի կարծիքով՝ հաջողության բանալին մշտական հետաքրքրասիրությունն է և պատասխանատվությունը գիտելիքի հանդեպ․ «Ես դասավանդում եմ նաև Մասաչուսեթսի համալսարանում, որտեղ ուսանողները բառացիորեն «կորզում են» գիտելիքը՝ գիտակցելով դրա արժեքը։ Մեր ուսանողներին պարզապես պետք է օգնել, որ հավատան իրենց գիտելիքի ուժին»։
Արա Կիրակոսյանի պատմությունը ոչ միայն ԵՊՀ շրջանավարտի հաջողության օրինակ է, այլև վկայություն այն մասին, որ գիտության միջոցով հնարավոր է կառուցել կամուրջներ անցյալի դժվար տարիներից դեպի նորարարական, գիտահենք ապագա։ Եվ հենց այդ կամուրջն էլ Ա․ Կիրակոսյանի նման գիտնականներն են ձևավորում՝ չմոռանալով իրենց արմատները և ամեն անգամ վերադառնալով ԵՊՀ։