May 20, 2026 | 14:45
Volunteering, practice and internship
Student
I will try to combine both science and work at a pharmaceutical production facility — Pharmacy Institute student
The story of fourth-year student Knarik Mesroyan at the Institute of Pharmacy, Yerevan State University is one of professional orientation and scientific discovery.
Քնարիկ Մեսրոյանն առաջին կուրսից մասնակցում է պրակտիկաների, որոնք օգնել են նրան ճիշտ կողմնորոշվելու աշխատանքի ընտրության հարցում:
««Բուսաբանություն» առարկայի շրջանակում մենք այցելում էինք Հանքավան և Դիլիջան։ Այնտեղ փորձում էինք բնության մեջ տարբերել ու հավաքել մեր ուսումնասիրած բույսերը»,- պատմում է Քնարիկը։
Ուսումնառության տարիներին զուգահեռ՝ պրակտիկաների ուղություններն ընդլայնվել են։ Արդեն 4-րդ կուրսում ուսանողները հնարավորություն են ստացել ներսից տեսնելու հայաստանյան դեղագործական ընկերությունների աշխատանքը։ Քնարիկն ու համակուրսեցիները երկշաբաթյա պրակտիկաներ են անցել դեղագործական առաջատար ընկերություններում, ինչպիսիք են «Արփիմեդ»-ը, «Լիկվոր»-ը և «Ֆարմատեք»-ը։
Այս այցելություններն ուսանողներին հնարավորություն են տվել հասկանալու դեղերի արտադրության առանձնահատկություններն ու ընկերությունների ուղղվածությունները:
«Օրինակ՝ «Արփիմեդ»-ը մասնագիտացած է դեղահատերի արտադրության մեջ։ Այստեղ հատուկ ուշադրությամբ հետևել ենք «Հիդրոկորտիզոն» դեղամիջոցի ստեղծման ողջ ընթացքին, թե ինչպես են արտադրում դեղահատը, տեխնիկաներն ինչպես են աշխատում, մասնագետներն ինչպես են ընթացքին հետևում և ինչպես են ապահովում, որ արտադրանքի բոլոր փուլերում պահպանվի դեղի որակը»,- ասում է Քնարիկը։
Նա մատնանշում է, որ «Լիկվոր»-ը, որտեղ մասնակցել է գործնական աշխատանքների, հիմնականում արտադրում է ստերիլ դեղաձևեր, ինչպիսիք են աչքի կաթիլներն ու ներարկման լուծույթները, իսկ «Ֆարմատեք»-ը համատեղում է ինչպես ստերիլ, այնպես էլ ոչ ստերիլ դեղաձևերի արտադրությունը:
«Յուրաքանչյուր գործարանում մենք ծանոթացել ենք արտադրական ողջ գործընթացին՝ սկսած հումքի ներմուծումից, դրա ստուգումից ու որակի վերահսկումից, մինչև բուն արտադրամասում դեղահատերի ստեղծում, փաթեթավորում ու բացթողում դեղատներ»,- ընդգծում է ուսանողը։
Նշենք, որ Ֆարմացիայի ինստիտուտի լաբորատորիաները հագեցած են նոր սերնդի սարքավորումներով, ուստի արտադրական սարքավորումներն ուսանողներին անծանոթ չեն։
««Ֆարմտեխնոլոգիա» առարկայի շրջանակում մենք կիրառում ենք դեղահատավորման սարքի փոքր տարբերակը և ինքնուրույն դեղահատեր ստանում»,- հավելում է Քնարիկն ու շեշտում, որ ուսանողները պրակտիկա են անցնում նաև դեղատներում՝ գործնականում զգալով դեղագետի մեծ պատասխանատվությունը։
Քնարիկի պատմության ամենատպավորիչ էջերից մեկը կապված է գիտության հետ։ Դեռևս 3-րդ կուրսից նա ներգրավվել է ինստիտուտի գիտական աշխատանքներում՝ հասկանալու, թե արդյոք իրեն գրավում է այդ ոլորտը։ Արդյունքը սպասեցնել չի տվել։ Այսօր նա արդեն գիտահետազոտական խմբի լիարժեք անդամ է և «Օպտիկապես ակտիվ նոր α-ամինաթթուների սինթեզ Գլայզերի և Մաննիխի ռեակցիաների կիրառմամբ և դրանց հենքի վրա կառուցված կարճ պեպտիդների ստացում և հետազոտում՝ որպես քիրալային օրգանակատալիզատորներ» գիտական նախագծի շրջանակում փորձում է ստանալ իմիդազոլային օղակ պարունակող ոչ սպիտակուցային ամինաթթուներ։ Ի դեպ, նրա ավարտական աշխատանքը ևս այս ուղղությամբ է:
Քնարիկի խոսքով՝ գիտական խմբին արդեն հաջողվել է սինթեզել և անջատել մեկ իմիդազոլային օղակ պարունակող ոչ սպիտակուցային ամինաթթու։ Այս համատեքստում նա նշում է․ «Դրանք մեծ նշանակություն ունեն դեղագործության ոլորտում, քանի որ հակասնկային, հակաքաղցկեղային, հակաբորբոքային դեղերի կառուցվածքային կարևոր միավորներ են»։
Մասնագիտական պրակտիկաները նաև օգնել են Քնարիկին հստակեցնել իր հետագա անելիքները։ Նա որոշել է ուսումը շարունակել «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական կրթական ծրագրում:
«Ինձ շատ է հետաքրքրում այն ուղղությունը, որով հիմա զբաղվում եմ լաբորատորիայում։ Կփորձեմ համատեղել և՛ գիտությունը, և՛ աշխատանքը արտադրամասում»,- վստահորեն ասում է Քնարիկ Մեսրոյանը։