June 09, 2026 | 16:30
Science
Research
Lifelong learning
From artificial intelligence to modern education: AI literacy course concludes at YSU
The new course, "Artificial Intelligence Literacy," was held at Yerevan State University in cooperation with Armenian Code Academy, bringing together professionals from various fields to explore how artificial intelligence is transforming education and how it can be applied effectively and responsibly.
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ դասընթացի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ստացան հավաստագրեր։
Երբ համալսարանը հնարավորություն է ընձեռում սովորելու «ապագայի լեզուն»
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացել են ԱԲ գործիքներին, քննարկել դրանց կիրառման էթիկական, կրթական և ակադեմիական սահմանները։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ արհեստական բանականության ոլորտն այնքան արագ է զարգանում, որ այսօր ստացած գիտելիքը վաղը կարող է արդեն կիրառելի չլինել։ Այդ պատճառով, ըստ նրա, ամենակարևորը ոչ թե առանձին գործիքների իմացությունն է, այլ դրանց կիրառման սկզբունքների և տեխնոլոգիական մտածողության ձևավորումը։
Նա նշեց, որ այս նախաձեռնությունը երկարաժամկետ կրթական ռազմավարության մաս է, որի նպատակն է ԱԲ գործիքների գրագետ կիրառման մշակույթ ձևավորել թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների շրջանում։ Համալսարանում ուսումնասիրվում է նաև միջազգային փորձը՝ ԱԲ կիրառման ակադեմիական կանոնակարգերի մշակման ուղղությամբ։
«Կարելի»-ի և «չի կարելի»-ի սահմանները փոխվում են
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ արհեստական բանականությունը փոխում է ոչ միայն տեխնոլոգիական միջավայրը, այլև կրթական նորմերի ընկալումը։
Նա նշեց, որ ԵՊՀ-ում արդեն կան կրթական ծրագրեր, որոնցում արհեստական բանականության վրա հիմնված դասընթացները դարձել են ծրագրի կարևոր բաղադրիչ։ Առաջիկայում նախատեսվում է ԱԲ դասընթացները հասանելի դարձնել նաև տարբեր ֆակուլտետների ուսանողների համար՝ շարժունության պատուհանի շրջանակում։
Համագործակցություն, որը միավորում է համալսարանն ու տեխնոլոգիական ոլորտը
«Armenian Code Academy»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը կարևորեց ԵՊՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով համալսարանի ճկունությունն ու փոփոխություններին արագ արձագանքելու պատրաստակամությունը։
Նրա խոսքով՝ այսօր տեխնոլոգիական ոլորտում փոփոխությունները տեղի են ունենում աննախադեպ արագությամբ, և կրթական համակարգի դերակատարումը վճռորոշ է՝ պատրաստելու մասնագետներ, որոնք ունակ կլինեն ոչ միայն օգտագործելու, այլև զարգացնելու նորարարական լուծումներ։ Նա հատկապես կարևորեց այն փաստը, որ ԵՊՀ-ն ակտիվորեն ներգրավվում է ԱԲ կրթության զարգացման գործընթացում՝ նպաստելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը։
ԱԲ-ն՝ ստեղծարար կրթության գործիք
Դասընթացավար Գոռ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մեկ հարթակում հավաքվել էին տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ՝ լեզվաբաններ, արևելագետներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և այլ ոլորտների մասնագետներ։
Դասընթացը կառուցվել է ոչ թե կոնկրետ ծրագրերի ուսուցման, այլ ԱԲ մտածողության և կիրառման սկզբունքների շուրջ, ինչի արդյունքում մասնակիցները կարողացել են ինքնուրույն գտնել և կիրառել իրենց ոլորտներին համապատասխան գործիքներ։
Ծրագրի շրջանակում ձևավորված թիմերը ստեղծել են բազմազան նախագծեր՝ կրթական խաղերից մինչև հայկական հեքիաթների ինտերակտիվ հարթակներ։ Մասնակիցներից մեկը մշակել էր խաղ, որտեղ ուսանողները ժամանակի սահմանափակ պայմաններում հումորային ձևաչափով պատասխանում էին թեմային վերաբերող հարցերի, իսկ մեկ այլ թիմ ստեղծել էր հայկական հեքիաթների ուսուցողական հարթակ՝ ինֆոգրաֆիկաներով, նկարազարդումներով և վիդեոբովանդակությամբ։
Համագործակցային ուսուցման փորձ
Դասընթացի մասնակիցները կարևորեցին ոչ միայն ստացած գիտելիքը, այլև միջֆակուլտետային համագործակցությունը։ ԵՊՀ գիտական քարտուղար, դասընթացի մասնակից Մերի Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում իր թիմը մշակել է ԱԲ կրթական ուղեցույց, որը հետագայում կարող է կիրառվել համալսարանի ուսումնական գործընթացում։
Նա նշեց, որ դասընթացը հնարավորություն տվեց վերագնահատելու սեփական տեխնիկական հմտությունները, ինչպես նաև նոր ձևաչափով համագործակցելու տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն տեխնոլոգիական գիտելիքի փոխանցման, այլև համալսարանական կրթության զարգացման և դասընթացների բարելավման տեսանկյունից։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արուսյակ Ալեքսանյանը ևս ընդգծեց, որ ծրագրի ամենակարևոր արդյունքը նոր մտածողության և հմտությունների ձևավորումն էր։
«Փոփոխվող աշխարհում ամենակարևորը ճիշտ սկզբունքներ և հմտություններ ձեռք բերելն է»,- մատնանշեց նա։


























