Ս.թ. սեպտեմբերի 24–25-ին Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն՝ Փարիզի «Մեմորիալ դը լա Շոա» թանգարանի հետ համագործակցությամբ, կազմակերպում են դասընթաց՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության ու հիշողության ուսումնասիրմանը:
Հայ ուսանողների համար նախատեսված դասընթացը նպատակ ունի ընդլայնելու և խորացնելու նրանց գիտելիքները վերոնշյալ ողբերգությունների պատմական նախադրյալների, պատճառների, ընթացքի, հետևանքների և հիշողության վերաբերյալ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության պատմական առանձնահատկությունները վերլուծելու երկու ցեղասպանությունների միջև առկա ընդհանրություններն ու տարբերությունները, աշխատելու պատմական և վավերագրական աղբյուրների հետ, քննարկելու ցեղասպանությունների հիշողության պահպանման և փոխանցման կարևորությունը, անդրադառնալու ցեղասպանությունների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։
Դասընթացը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու նաև Հոլոքոստի ուսումնասիրման և հիշողության պահպանման միջազգային փորձին՝ համեմատելով այն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու հիշողության հայկական փորձառության հետ։
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և ֆրանսերեն։
Դասընթացի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: