September 23, 2026 | 20:00
Գործընկերներ
Կրթություն
Միջոցառումներ
Ուսանողն ու գործատուն՝ մեկ հարթակում. «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»
Համալսարանից աշխատաշուկա տանող ճանապարհը սկսվում է ոչ միայն լսարանում. ԵՊՀ-ում անցկացված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ը մեկ օրում միավորեց կրթությունն ու աշխատաշուկան՝ ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն տալով հանդիպելու գործատուներին, բացահայտելու կարիերայի նոր ուղիներ, ներկայացնելու սեփական գաղափարներն ու մասնագիտական ներուժը, իսկ կազմակերպություններին՝ գտնելու նոր մասնագետներ և ձևավորելու համագործակցության նոր կապեր։
Համալսարանական կրթության կարևոր բաղադրիչներից են մասնագիտական գիտելիքի ձեռքբերումը և հասկանալը՝ ինչպես է այդ գիտելիքը կիրառվում աշխատաշուկայում, ինչ հմտություններ են ակնկալում գործատուները, որտեղ կարելի է ձեռք բերել առաջին մասնագիտական փորձը, և ինչպես կառուցել հետագա կարիերան։ Հենց այս կապն ամրապնդելուն է միտված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, որն արդեն չորրորդ տարին է՝ անցկացվում է համալսարանում։
Միջոցառման մեկնարկին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն ուսանողների համար գործատուների հետ ծանոթանալու, շփվելու և մասնագիտական ապագայի հնարավորությունները պատկերացնելու կարևոր հարթակ է։
«Մենք կարևորում ենք այս էքսպոյի անցկացումը և ուրախ ենք, որ այն արդեն դարձել է մեր համալսարանի առանցքային միջոցառումներից մեկը։ Նախորդ տարիներին այն անցկացվում էր մայիսին, իսկ այս տարի որոշեցինք այն կազմակերպել սեպտեմբերին։ Պատճառը շատ պարզ է. ցանկանում ենք, որ մեր առաջինկուրսեցիները ևս հնարավորություն ունենան հենց ուսումնական տարվա սկզբից ծանոթանալու համալսարանի ֆակուլտետներին, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև մեր գործընկեր կազմակերպություններին՝ հետագայում այդ հնարավորություններից օգտվելու ակնկալիքով»,- նշեց նա՝ բարձր գնահատելով բոլոր հովանավորների և գործընկերների աջակցությունը նախաձեռնությանը:
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում նման նախաձեռնությունները բավականին շատացել են, ինչը հատկապես ուրախալի է, երբ դրանք իրականացվում են կրթական միջավայրում։
Նրա խոսքով՝ կրթությունը երբեմն ընկալվում է որպես պարտականություն, քանի որ մարդը, մեծանալուն զուգընթաց, պետք է կրթություն ստանա: Կրթության և հետագա աշխատանքի ու բարեկեցության կապը, սակայն, միշտ չէ, որ հստակ է գիտակցվում։ Ըստ նրա՝ նման միջոցառումները հենց այդ կապն են ձևավորում՝ ցույց տալով, որ կրթությունը կարող է հետագայում վերածվել աշխատանքի, մասնագիտական առաջընթացի և բարեկեցության։
«Այս կապը լավ տեսնելով՝ մենք փորձում ենք գտնել աշխատանք և դառնալ մրցունակ։ Միևնույն ժամանակ, գործատուներն են մրցում լավ աշխատակիցների համար։ Այս առումով նման միջոցառումները նաև գործատուների միջև մրցակցության հարթակ են, քանի որ պատրաստված, լավ կադրերին գործատուները փորձում են ներգրավել նաև նման նախաձեռնությունների ընթացքում»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ պետությունը ևս կարևորում է նման միջոցառումների անցկացումը և փորձում է զարգացնել այնպիսի հարթակներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք գտնելու նաև այսօրինակ միջոցառումների միջև ընկած ժամանակահատվածում։
Միջոցառումը հնարավորություն տվեց ուսանողներին ու շրջանավարտներին անմիջականորեն հանդիպելու տարբեր ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրանց գործունեությանը, առկա թափուր աշխատատեղերին և պրակտիկայի ծրագրերին։ Միաժամանակ գործատուները հնարավորություն ունեցան համալսարանական համայնքի հետ անմիջական շփման միջոցով բացահայտելու նոր մասնագետների և ձևավորելու իրենց ապագա աշխատակիցների թեկնածուների շրջանակը։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի գործընկերները՝ աշխատաշուկան և համալսարանական համայնքը միավորող ուժ
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի կարևոր բաղադրիչներից էր նաև գործատուների և գործընկեր կազմակերպությունների ներգրավվածությունը։ Այս տարի միջոցառման շրջանակում ներկա էին 38 գործընկեր կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները էքսպոյի ընթացքում հնարավորություն ունեցան անմիջականորեն հանդիպելու ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին, ներկայացնելու իրենց գործունեությունը, առկա աշխատատեղերն ու պրակտիկայի հնարավորությունները։
Միաժամանակ կազմակերպությունների համար սա հարթակ էր նոր մասնագետների հետ կապ հաստատելու, հեռանկարային թեկնածուների բացահայտելու և ապագա համագործակցությունների հիմք ստեղծելու համար։ Էքսպոյի ձևաչափը թույլ է տալիս այդ շփումը դուրս բերել միայն աշխատանքի հայտարարությունների շրջանակից՝ ստեղծելով երկկողմ հաղորդակցության և մասնագիտական կապերի ձևավորման հնարավորություն։
Այս տարվա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի գլխավոր գործընկերն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)։
1952 թվականին հիմնադրված ընկերությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշոր կազմակերպություններից է։ Ընկերության գործունեության առանցքում հանքարդյունաբերությունն է, իսկ իր առաքելության շրջանակում ԶՊՄԿ-ն կարևորում է ոլորտի զարգացումը, երկրի տնտեսության մեջ ներդրումը և կայուն զարգացման սկզբունքների պահպանումը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս ուսանողներին և բուհերի նոր շրջանավարտներին ավելի հստակ պատկերացնելու իրենց մասնագիտական ապագան։
«Համոզված եմ, որ այս միջոցառումն իր արդյունքները կունենա։ Ուսանողները և բուհերի նոր շրջանավարտները պետք է իմանան՝ ուր են գնալու և ինչ աշխատանք են ունենալու։ Նմանօրինակ միջոցառումները պետք է հաճախակի կազմակերպվեն: Հայաստանի տնտեսությունն իսկապես աճ է գրանցում, և այդ աճը, բնականաբար, արտացոլվում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ ու բիզնեսի զարգացմամբ»,- նշեց Վարդան Ջհանյանը։
Նրա խոսքով՝ նման հարթակները երիտասարդներին հնարավորություն են տալիս դեռ ուսանողական տարիներից պատկերացնելու իրենց մասնագիտական ուղին և հասկանալու, թե առաջիկա տարիներին ինչպիսի աշխատանքային հնարավորություններ կարող են ունենալ։
«Սա շատ կարևոր է նաև մեր տնտեսական աճն ապահովելու առումով»,- ընդգծեց նա։
Միջոցառման շրջանակում ՀՀ պետական, գիտահետազոտական, բանկային, արտադրական, արդյունաբերական, միջազգային զարգացման, մշակութային, կապի, սպասարկման և այլ ոլորտների մի շարք լավագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելուներին ներկայացրին առկա աշխատանքային հնարավորությունները, խոսեցին իրենց ձեռքբերումներից, անցկացրին հարցազրույցներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով համալրելու իրենց աշխատակազմերը:
Աշխատանքի որոնումից՝ կարիերայի նոր հնարավորություններ․ «Կարիերայի լաբորատորիա»
Աշխատաշուկա մուտք գործելու առաջին քայլերից մեկը հաճախ հենց ճիշտ կապերի ստեղծումն է։ Այս տարի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի կարիերայի հատվածն ընդլայնվել է՝ ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ ինչպես գործատուների, այնպես էլ ուսանողների ու շրջանավարտների համար։
Միջոցառման մասնակից գործատուները, բացի էքսպոյի ընթացքում ուսանողների և շրջանավարտների հետ անմիջական շփումից, առցանց բազայի միջոցով նախապես ծանոթացան թեկնածուների CV-ներին։ Սա կազմակերպություններին հնարավորություն ընձեռեց ընտրելու իրենց հետաքրքրող մասնակիցներին և միջոցառման օրը կազմակերպելու ավելի նպատակային հանդիպումներ։
Նման ձևաչափը նպաստեց ավելի արդյունավետ կազմակերպելու թեկնածուների որոնման և ընտրության գործընթացը՝ միաժամանակ խնայելով ժամանակ և ստեղծելով նոր տաղանդների բացահայտման ավելի հասցեական հնարավորություն։
«Կարիերայի լաբորատորիա» հարթակը գործեց երեք ինտերակտիվ ձևաչափով։ Առաջինը պանելային քննարկումն էր՝ «Կարիերայի առաջին քայլերը. գործատուների սպասելիքները» խորագրով։ Ուսանողներն ու շրջանավարտները HR մասնագետների հետ քննարկեցին աշխատանքի ընդունման գործընթացը, աշխատաշուկայի իրական պահանջները, կարիերայի զարգացման հնարավոր ուղիներն ու մասնագիտական կապերի կարևորությունը։
Երկրորդ ուղղությունը HR խորհրդատվական անկյուններն էին, որտեղ գործընկեր կազմակերպությունների մասնագետները մասնակիցներին տրամադրեցին անհատական խորհրդատվություն՝ CV-ն կատարելագործելու, աշխատանքային հարցազրույցին պատրաստվելու, «LinkedIn»-ի անձնական էջը բարելավելու և սեփական մասնագիտական ներուժն ավելի արդյունավետ ներկայացնելու վերաբերյալ։
«Կարիերայի լաբորատորիայի» երրորդ ձևաչափը «Զրուցարագ» խաղ-մրցույթն էր։ Դրա լավագույն մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու կազմակերպությունների տաղավարներ, կատարելու հատուկ առաջադրանքներ և «արագ ժամադրության» ձևաչափով անմիջականորեն շփվելու գործատուների ներկայացուցիչների հետ։
«Կարիերայի լաբորատորիան» միավորեց տեղեկատվությունը, անհատական խորհրդատվությունն ու գործնական փորձը՝ ուսանողներին և շրջանավարտներին օգնելով ավելի պատրաստված ներկայանալու աշխատաշուկայում և անմիջական կապ հաստատելու հնարավոր գործատուների հետ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ գործատուի հետ անմիջական շփումը ուսանողներին հնարավորություն է տալիս ավելի հստակ հասկանալու աշխատաշուկայի պահանջները, բացահայտելու կարիերայի զարգացման հնարավորությունները և պատկերացնելու իրենց մասնագիտական ուղին։
«Միևնույն ժամանակ, սա գործատուի համար հնարավորություն է՝ անմիջական շփման միջոցով ճանաչելու երիտասարդ մասնագետների ներուժը, ներկայացնելու իր կազմակերպության հնարավորությունները և համալսարանի հետ ձևավորելու շարունակական ու արդյունավետ համագործակցություն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս տարի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ Էքսպո»-ն դուրս է եկել իր ավանդական ձևաչափից՝ վերածվելով ոչ միայն կազմակերպությունների, ուսանողների և շրջանավարտների հանդիպման, այլև համագործակցության հարթակի։
«Այստեղ ստեղծվում են իրական մասնագիտական կապեր, բացահայտվում են երիտասարդ տաղանդներ, ներկայացվում են կարիերայի հնարավորություններ և ստեղծվում են պայմաններ ուսանողների մշակած գաղափարները կյանքի կոչելու համար»,- ասաց Տաթևիկ Հովհաննիսյանը։
Ուսանողական գաղափարները՝ նոր համագործակցության հնարավորություն
Այս տարվա էքսպոյի կարևոր բաղադրիչներից էր նաև «ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում ներկայացվեցին ԵՊՀ ուսանողների և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների մշակած նորարարական նախագծերը, գաղափարները։ Դրանք հնարավորություն տվեցին համալսարանական գաղափարները ներկայացնելու ոչ միայն ակադեմիական միջավայրում, այլև պոտենցիալ գործընկերներին ու կազմակերպություններին։
Կազմակերպությունները հնարավորություն ունեցան ընտրելու իրենց հետաքրքրող նախագծերը և ներկայանալու որպես գործընկեր, հովանավոր։
Նշենք, որ բոլոր թիմերի գաղափարները ձևավորվել են «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանի ընթացքում, որտեղ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներից կազմված թիմերը մի քանի օր աշխատել են իրենց գաղափարների շուրջ՝ փորձելով դրանք վերածել իրագործելի նախագծերի։ Թեմաների շրջանակը բազմազան է՝ կրթական, սոցիալական, մշակութային ու տեխնոլոգիական խնդիրներից մինչև բնության պահպանություն։
Համալսարանական կյանքը՝ կրթությունից մինչև մշակույթ
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը միայն կարիերայի և աշխատանքի հնարավորությունների հարթակ չէր։ Կրթության տոնավաճառի շրջանակում ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, վարչական ստորաբաժանումները, ուսանողական կառույցները, ինչպես նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ներկայացրին իրենց կրթական, փորձնակության ծրագրերը, կազմակերպեցին վիկտորինաներ, մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ներկայացնելով իր կրթական ծառայությունները և ցուցադրելով կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները:
ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները։ Ցուցահանդեսը հնարավորություն տվեց ներկայացնելու մասնաճյուղի ուսանողների ստեղծագործական ներուժն ու աշխատանքները և դրանք հասանելի դարձնելու էքսպոյի այցելուներին։
Կարիերային հնարավորություններին զուգահեռ՝ էքսպոյի շրջանակում ներկայացված էին նաև մշակութային և ժամանցային նախաձեռնություններ. միջոցառման ընթացքում ուսանողները ծանոթացան ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գործունեությանը։ Կենտրոնի սան դառնալու ցանկություն ունեցող ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու նախնական ընտրությանը։ Ելույթ ունեցավ նաև «YSU Band»-ը՝ երաժշտական կատարումներով ապահովելով միջոցառման մշակութային հատվածը։
Օրվա ընթացքում տեղի ունեցան նաև հանդիպումներ ու քննարկումներ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով հաստատելու նոր կապեր և ձևավորելու հետագա համագործակցություններ։
Այսպիսով՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը մեկ օրում միավորեց համալսարանական կյանքի տարբեր կողմերը՝ կրթությունից և կարիերայից մինչև մշակույթ, ուսանողական նախաձեռնություններ և նոր համագործակցություններ։ Էքսպոն դարձավ հարթակ, որտեղ համալսարանական համայնքն ու աշխատաշուկան ոչ միայն հանդիպեցին, այլև ձևավորեցին նոր կապեր ու համագործակցային գաղափարներ։
