ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Անատոլևիչ Կուզնեցովը և «Կորպորատիվ իրավունք» դասընթացի շրջանակում ուսանողներին ներկայացրեց դասախոսություն՝ անդրադառնալով մասնավորապես կորպորատիվ իրավունքին ու բնագավառի հետ կապված մասնագիտական նոր մոտեցումներին։
Դասախոսությունը նախաձեռնեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը, որը վարում է «Կորպորատիվ իրավունք» դասընթացը։
Ի թիվս իրավաբանական անձանց ստեղծման, գործունեության և լուծարման հետ կապված իրավական հարցերի, որոնք ուսումնասիրվում են դասընթացի շրջանակում, բանախոսը ներկայացրեց նաև կորպորատիվ իրավունքի առարկան և դրա վերաբերյալ իրավագիտության մեջ ձևավորված հիմնական մոտեցումները։ Նա անդրադարձավ մի շարք վիճահարույց հարցերի. արդյո՞ք կորպորացիայի մարմինների ընդունած որոշումները գործարքներ են, ընկերության տնօրենն արդյո՞ք նրա օրինական ներկայացուցիչն է, և ի՞նչ իրավական հետևանքներ են առաջանում, երբ որոշումներն ընդունվում են օրենքի կամ բաժնետերերի որոշումների խախտմամբ։
Դասախոսության ընթացքում համեմատվեցին նաև ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի կորպորատիվ իրավունքի մոտեցումները։ Բանախոսը քննարկեց, թե ինչպես են Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունները, ունենալով ընդհանուր սկզբնական հիմքեր, հետագայում զարգացել տարբեր ուղղություններով։
Դասախոսության ավարտին ուսանողները հարցեր ուղղեցին պրոֆեսոր Ա. Կուզնեցովին և նրա հետ քննարկեցին ներկայացված խնդիրները։ Հանդիպումը նրանց հնարավորություն տվեց ծանոթանալու կորպորատիվ իրավունքի արդի տեսական ու գործնական մոտեցումներին, ինչպես նաև տարբեր երկրներում դրանց կիրառման առանձնահատկություններին։