Օրեր առաջ Երևանի պետական համալսարանը ևս մեկ անգամ դարձավ միասնական հարթակ, որը համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին։
Արդեն ամենամյա դարձած «ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը համալսարանական մյուս ստորաբաժանումների հետ հյուրընկալեց միջոցառման մասնակիցներին։
Ֆակուլտետի տաղավար պարբերաբար այցելում էին իրավաբան դառնալու նպատակ ունեցող դպրոցականներ, որոնք մեծ հետաքրքրությամբ մասնակցում էին կազմակերպված ինտերակտիվ խաղերին, ստուգում իրենց իրավական գիտելիքները և բացահայտում իրավագիտության աշխարհը՝ ավելի անմիջական ու հետաքրքիր ձևաչափով։
Այս տարի Իրավագիտության ֆակուլտետի տաղավարը վերածվել էր «իրավունքի փոքրիկ տիեզերքի», որի յուրօրինակ զարդն էր «իրավական աստղագուշակի» պաստառը։ Այցելուները պատահականության սկզբունքով ընտրում էին իրենց օրվա իրավական հուշումը․ շատերը մեծ ոգևորությամբ էին արձագանքում, իսկ մի մասն էլ զգուշանում էր «ճակատագրական» կանխատեսումներից՝ ժպիտով ու հետաքրքրությամբ բացահայտելով իրավական ոլորտի նրբությունները։
Տաղավարում ստեղծված անմիջական և աշխույժ մթնոլորտը հնարավորություն էր տալիս ոչ միայն խաղալու ու նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլև շփվելու ֆակուլտետի ներկայացուցիչների հետ, հարցեր ուղղելու մասնագիտության, ուսման և ապագա կարիերայի հնարավորությունների վերաբերյալ։ Այսպիսով, յուրաքանչյուր այցելու կարող էր մի փոքրիկ քայլ կատարել դեպի իրավագիտության աշխարհ՝ բացահայտելով, թե ինչ հետաքրքիր հնարավորություններ կարող է առաջարկել իրավաբանի մասնագիտությունը։
Միջոցառումը ոչ միայն հնարավորություն տվեց երիտասարդներին ծանոթանալու մասնագիտական հեռանկարներին և աշխատաշուկայի պահանջներին, այլև ապահովեց ակտիվ, ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ բոլոր մասնակիցների համար։ Էքսպոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ մասնագիտական կողմնորոշումը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլև հետաքրքիր, ինտերակտիվ ու հիշարժան։


